Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որին չեն մասնակցում Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի մասնակիցները:
Լրագրողների հետ զրույցում ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը պատասխանեց լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք այս երկրների ներկայացուցիչները պարզաբանումներ ներկայացրե՞լ են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին չմասնակցելու վերաբերյալ:
«Ինչ վերաբերում է այն պատվիրակություններին, որոնք չեն ժամանել, որպես այդպիսին՝ պարզաբանումներ չեն ներկայացվել։ Ես գիտեմ, որ երեկ Ռուսաստանի պատվիրակությունը դիմել է ԵԱՀԿ ԽՎ նախագահին՝ նամակով տեղեկացնելով, որ իրենց պատվիրակությունը չի մասնակցելու այս նստաշրջանին։ Ասեմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը չէ, որ հրավերներ է ուղարկել երկրների խորհրդարաններին, դրանով զբաղվում է միջազգային քարտուղարությունը, և բոլոր 56 երկրների և 11 գործընկեր երկրների խորհրդարաններին ուղարկվել են հրավերները։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատվիրակությանը, նրանք մի քանի անգամ հարց են բարձրացրել տարբեր ձևաչափերով՝ կապված Հայաստանում իրենց անվտանգության հետ։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Խորհրդարանական վեհաժողովի նախագահին և վեհաժողովին արձագանքել է՝ ասելով, որ ԱԺ-ն պատրաստ է ապահովել պատգամավորների անվտանգությունը, բայց, ինչպես տեսնում եք, Ադրբեջանի պատգամավորները չկան: Եթե հիշում եք, մենք նախորդ տարի նման նախադեպ ունեցել ենք, երբ Ադրբեջանի պատվիրակները մասնակցեցին «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովին: Կան անվտանգության այդ պրոտոկոլները, և մենք պատրաստ էինք դա անել, բայց չեն եկել: Դա արդեն իրենց որոշելիքն է»,- ավելացրեց Խանդանյանը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի պատվիրակությանը, ապա, ըստ նրա, «որևէ տեղեկատվություն չունենք»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Ադրբեջանը հայտարարել է՝ ցանկացած որոշում, որն ընդունվելու է վեհաժողովի շրջանակում, իրենք անվավեր են ճանաչելու, Խանդանյանը նկատեց՝ «նման դիրքորոշում հայտնելը անտեղյակություն է»:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում փաստաթղթեր և բանաձևեր չեն ընդունվում, և չկա որևէ տեքստ, որն այս պահին շրջանառվում է:
«Բայց պետք է նաև նշեմ, որ մշտական հանձնաժողովի այսօրվա բացման քննարկման ընթացքում մի շարք պատվիրակներ նշեցին, որ իրենք Հայաստանում են՝ նաև աջակցելու Հայաստանին, Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին»,- նշեց Խանդանյանը՝ հավելելով՝ թեմատիկ քննարկումների ընթացքում, ըստ ամենայնի, անդրադարձ է կատարվելու ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներին:
Նա հիշեցրեց՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան երեկ համատեղ այց են կատարել Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքում տեղակայված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան։