Շատ երկրներում այժմ ճգնաժամային իրավիճակ է, և շատ կարևոր է, որ այժմ մենք ունենք վայր, որտեղ կարող ենք քննարկել անվտանգային հարցերը: Իմանալով, թե ինչ է տեղի ունեցել և ունենում ԼՂ-ում, այդ հարցը շատ կարևոր է ԵԱՀԿ ԽՎ-ի համար ավելի, քան երբևէ: Այս մասին ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
«Որո՞նք են նիստից ակնկալիքները, և այն հայտարարությունը, որոնցով առաջիկայում պետք է հանդես գան Լեռնային Ղարաբաղի թեմայով»,- հետաքրքրվել է լրագրողը:
«Առաջին հերթին ցանկանում եմ ԵԱՀԿ ԽՎ-ի անունից նշել, որ շնորհակալ ենք Հայաստանին՝ ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանը հյուրընկալելու համար այն մարտահրավերային ժամանակաշրջանում, որին բախվում ենք այժմ Եվրասիայում: Մենք նաև կքննարկենք այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև քննարկումներն ու բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ: Այժմ խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցություններն ընթացքի մեջ են:
Երկուշաբթի քննարկելու ենք նաև ամենը, ինչ տեղի է ունենում Իսրայելում, Գազայի տարածքում, ինչին երկար ժամանակ սպասում էին մեր խորհրդարանականները: Չենք մոռանալու նաև այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որը սկսվել էր 2022 թվականի փետրվարից: Այդ հարցը եղել է մեր քննարկման օրակարգում շատ երկար ժամանակ: Այս հարցի հետ կապված մեր խորհրդարանականներն իրենց ձայնն են բարձրացրել և մեծ քննարկումներ ունեցել»,- նշել է Պիա Կաուման:
Լրագրողները ԵԱՀԿ ԽՎ նախագահից հետաքրքրվել են նաև Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությամբ և Հայաստանի տարածքային ամբողջականության հետ կապված սպառնալիքով: Պիա Կաուման նշել է, որ մինչ Հայաստան գալը հնարավորություն է ունեցել երկօրյա այցով լինելու նաև Ադրբեջանում: «Այնտեղ տպավորություն ստացա, որ նրանք պատրաստ են խաղաղության շուրջ բանակցություններին, այնուամենայնիվ, դա է այն ուղերձը, որ նրանք ցանկանում են փոխանցել: Ես ցանկանում եմ հավատալ այն հավանականությանն ու հնարավորությանը, որ կկնքվի խաղաղության պայմանագիր: Հույս ունենք, որ շաբաթների ընթացքում դա կլինի: Մենք՝ որպես կազմակերպություն, քաջալերում ենք երկու կողմերին՝ շարունակելու բանակցությունները և նոր հնարավորություններ փնտրելու, որոնց դեպքում կարող են պայմանագիր կնքել, քանի որ այս տարածաշրջանը շատ կարևոր է բոլորի համար: Տնտեսական տեսանկյունից այն նույնպես շատ կարևոր է. կան շատ հնարավորություններ, սակայն առաջին հերթին պետք է ապահովել խաղաղություն»,- ասել է նա: Պիա Կաուման նկատել է, որ ներդրողները դեռևս կասկածներ ունեն այստեղ գալու հետ կապված: «Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիներն արժանի են խաղաղության, և ժամանակն է արդեն նոր ուղիներ գտնել խաղաղության համար: Մենք՝ որպես կազմակերպություն, և ես անձամբ, սատարում ենք հայ ժողովրդին, որպեսզի կարողանանք ուղի գտնել խաղաղության համար»,- ընդգծել է Պիա Կաուման:
Նշենք, որ Երևանում նոյեմբերի 18-20-ն ընթանում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքը: