Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացում մենք և՛ լավ լուրեր ունենք, և՛ վատ լուրեր: ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Լավ լուրն այն է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված են: Դա տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումների արդյունքներով: Այդ համաձայնություններն արձանագրված են եռակողմ հանդիպումների արդյունքներով՝ Շառլ Միշելի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարությունների մեջ:
Խաղաղության առաջին սկզբունքը հետևյալն է. Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետր:
Առաջին սկզբունքը կոնկրետացնելու համար է երկրորդ սկզբունքը, որը հետևյալն է. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի քաղաքական հենքը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն է:
Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրել են Խորհրդային Միության 12 հանրապետությունները՝ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին: Այդ հռչակագրով արվել են հետևյալ երկու կարևոր արձանագրումները.
1. Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ:
2. Խորհրդային 12 հանրապետությունները, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, գոյություն ունեցող, այսինքն՝ վարչական սահմանների անխախտելիությունը, և հետևաբար, Խորհրդային միության հանրապետությունների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ»,- ասել է վարչապետը:
Նա ընդգծել է, որ այդ հենքի վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև կա որոշակի ըմբռնում, որ սահմանների դելիմիտացիայի համար պետք է օգտագործվեն նախկին ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի 1974-ից 1990 թվականների քարտեզները:
Նաև, Փաշինյանի խոսքով, կա ըմբռնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և պատրաստ են ստանձնել իրավական պարտավորություն՝ ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշելու վերաբերյալ:
«Ահա նաև այս ըմբռնումն է պատճառը, որ մենք Ադրբեջանին առաջարկում ենք փոխադարձաբար զորքեր չունենալ Խորհրդային Միության ադմինիստրատիվ սահմանից այս ու այն կողմ, ինչպես նաև հասցեագրել էքսկլավ/անկլավների հարցերը: Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս հանդիսացող էքսկլավ Արծվաշենը, օրինակ, ավելի քան 30 տարի գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո»,- ասել է վարչապետը:
Ադրբեջանի հետ խաղաղության հաջորդ սկզբունքը, ինչպես նշել է վարչապետը, հետևյալն է. տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է վերաբացվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության, հավասարության սկզբունքների հիման վրա:
«Սա չափազանց կարևոր է, որովհետև ինչպես Ազգային ժողովի նախագահը նշեց, խաղաղությունը մեր պատկերացմամբ մի վիճակ է, երբ տարածաշրջանի բոլոր երկրներն ապրում են բաց սահմաններով, տնտեսական, քաղաքական, մշակութային ակտիվ կապերով կապված, բոլոր հարցերը դիվանագիտական եղանակով և երկխոսությամբ լուծելու փորձ և ավանդույթ կուտակած: Նման բան առնվազն շատ դժվար է ունենալ առանց ճանապարհային, երկաթուղային, օդային ակտիվ կոմունիկացիաներ ունենալու: Բայց սա ամենը չէ, տարածաշրջանի երկրները միմյանց հետ պետք է կապված լինեն նաև մալուխներով, խողովակաշարերով, էլեկտրագծերով:
Եվ ահա այս ամենի իր բաժինն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի վերաբերյալ բրոշյուրը տրամադրված է ձեզ, իսկ այսօր մենք հրապարակեցինք «Խաղաղության խաչմերուկի» մասին ամբողջական պատկերացում տվող հոլովակը»,-ասել է նա:
Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին վերաբերվող լավ լուրերը ներկայացնելուց հետո վարչապետն անդրադարձել է վատ լուրերին: «Ամենակարևոր վատ լուրն այն է, որ մենք դեռևս խոսում ենք տարբեր դիվանագիտական լեզուներով և շատ հաճախ չենք հասկանում իրար:
Սրա համար, իհարկե, կան նաև օբյեկտիվ պատճառներ. երկարամյա հակամարտությունը՝ պատմական որոշակի կոնտեքստով, հազարավոր զոհերը, որոնց հարազատների աչքերի մեջ շատ դժվար է նայել, տասնյակ գերիները, որոնց ընտանիքի անդամների հարցերին պատասխաններ չկան, տասնամյակներով գերիշխող ատելության մթնոլորտը և կասկածները, որ կառուցողական հայտարարությունների տակ թաքնված են վատ մտադրություններ: Ընդ որում, ինչ ասում եմ, այս կամ այն չափով վերաբերում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: Բայց Ադրբեջանն, օրինակ, ոչ մի անգամ հրապարակային հղում չի արել վերը հիշատակված երեք սկզբունքներին, չի վերահաստատել իր հավատարմությունն այդ սկզբունքներին, ինչը խորացնում է անվստահության մթնոլորտը:
Չափազանց կասկածելի է թվում նաև այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ, և ըստ էության, պաշտոնական մակարդակում Հայաստանի Հանրապետությունը սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան»: Եվ այս հայեցակարգն ուսուցանում են դպրոցներում, համալսարաններում, պետական լրատվամիջոցներով: Սա մեզ նոր պատերազմ, Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում, և խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է:
Մենք չենք հասկանում նաև տասնյակ գերիների հետևողականորեն չվերադարձնելու Ադրբեջանի մոտեցումը՝ չնայած վաղուց առաջարկել ենք այս թեման լուծել խաղաղության օրակարգին հարիր բանաձևով. բոլորը՝ բոլորի դիմաց:
Բայցևայնպես, հարգելի ներկաներ, Հայաստանի Հանրապետությունը նվիրված է խաղաղության օրակարգին, խաղաղության գործընթացին, և նախորդ օրը Հայաստանի Ազգային ժողովում ունեցած ելույթում հայտարարեցի, որ մտադիր եմ մեր կողմից ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հասնելու համար»,- նշել է նա: