Ողջունում եմ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում: Այն տեղի է ունենում չափազանց բարդ մի ժամանակաշրջանում, երբ վերջին տասնամյակներում գոյություն ունեցած համաշխարհային կարգը ճաքեր է տալիս՝ քայքայման հավաստի նախանշաններ ցույց տալով: Այդ մասին Երևանում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթքացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ակնհայտ է, որ Աֆղանստանի, Ուկրաինայի, Գազայի ճգնաժամերից, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներից հետո աշխարհը նույնը չի լինելու. սրանում արդեն ոչ ոք չի կասկածում: Բայց թե ինչպիսին է լինելու աշխարհը վաղը՝ սա արդեն ոչ ոք չգիտի:
Եվ հատկապես այս պատճառով չափազանց կարևոր է, որ այսօրվա լարումների մեղմման, ճգնաժամերի կառավարման, հակասությունների քննարկման ժամանակատար գործընթացում չմոռանանք ապագայի պլանավորումը, որովհետև եթե ապագան չպլանավորվի, ճգնաժամերն ու բախումները ծավալվելու արգելք չեն գտնի իրենց ճանապարհին:
Երեկ մենք ի վիճակի չեղանք ամբարտակներ կառուցել այսօրվա հեղեղները կանխելու համար, հետևաբար, որքան էլ դժվար լինի, այսօր պիտի փորձենք կառուցել այդ ամբարտակները՝ վաղվա հնարավոր հեղեղները հանդարտեցնելու նպատակով:
Հայաստանի Հանրապետությունը գլոբալ երկիր չէ, բայց մենք փորձում ենք հենց վերոհիշյալ գործելակերպը որդեգրել այն հարցերի առնչությամբ, որոնք մեր ամենօրյա օրակարգի մաս են, և որոնց լուծման համար մենք պատասխանատվության էական բաժին ունենք»,- նշել է վարչապետը: