Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ուրբաթ ժամանել է Բեռլին, սակայն Գերմանիայի իշխանությունները մտադիր են այդ այցը հնարավորինս քիչ տեսանելի դարձնել, չեն լինի հրապարակային ելույթներ և համատեղ մամուլի ասուլիսներ, չեղարկվել է նույնիսկ երկու երկրի ղեկավարների ներկայությունը՝ Գերմանիայի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային խաղին: Գերմանիայի իշխանություններն այսպես են արձագանքում Էրդողանի հակաիսրայելական դիրքորոշմանը։
Որոշ գերմանացի քաղաքական գործիչներ կոչ էին արել ընդհանրապես չեղարկել Էրդողանի այցը, սակայն կանցլեր Շոլցը, այնուամենայնիվ, որոշել է ծայրահեղ քայլերի չգնալ՝ այցը սահմանափակելով մեկ դռնփակ հանդիպումով և ճաշով։
Էրդողանը ևս մեկ հանդիպում կանցկացնի Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։
BBC-ի թղթակիցը գրել է, որ Բեռլինի կենտրոնում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել՝ այն համեմատելով ԱՄՆ նախագահի այցերի ընթացքում անվտանգության մակարդակի հետ։ Այնուամենայնիվ Գերմանիայի իշխանությունները, հիմնականում, նախընտրել են, որ Թուրքիայի ղեկավարի այցը հնարավորինս հանգիստ անցնի։