Եվրոպական միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն «Արմենպրեսի» հետ զրույցում ներկայացրել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի գործունեությունը:
Ըստ Ստանոյի՝ այդ մեխանիզմի միջոցով միությունն աջակցում է երկրներին՝ նրանց ճկունության, դիմակայունության ամրապնդմանը, կայունությունն ու անվտանգությունն ամրապնդելու կարողությանը:
«Խաղաղության եվրոպական հիմնադրամն ունի երկու մակարդակ։ Օրինակ՝ Ուկրաինայում մենք այն շատ ենք օգտագործում, որպեսզի օգնենք զինվորականներին պաշտպանել երկիրը Ռուսաստանի անօրինական ագրեսիայից։ Բայց այլ երկրներում հիմնադրամն օգտագործում ենք ֆինանսավորելու մեր խաղաղ առաքելությունները կամ դիտորդական ու մոնիթորինգային առաքելությունները: Այդպես է նաև Հայաստանի դեպքում։ Այսպիսով, օրինակ՝ ԵՄ առաքելությունը, որը ներկայումս գտնվում է Հայաստանում, ֆինանսավորվում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով»,- ասել է Ստանոն և հավելել, որ Եվրամիության անդամ երկրները սկսում են քննարկումներն այն մասին, թե որն է լինելու Խաղաղության եվրոպական հիմնադրամն օգտագործելու լավագույն միջոցը Հայաստանին աջակցելու համար: