ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան անունից ցավակցում է այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով գրանցված ողբերգական մահվան կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վնասվածք ստացածներին:
Ինչպես տեղեկացրել էինք, նախնական տեղեկություններով՝ պայթյուն է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի մասնաշենքում։ Պայթյունի ձայնը լսվել է շատ հեռվից։
Նախնական վարկածով՝ հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումների պատճառով։
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ պայթյունի հետևանքով կան տուժածներ։ Նախնական տվյալներով՝ կա մահվան դեպք:
ԵՊՀ մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ ԵՊՀ-ում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 1, վիրավորվել՝ 3 մարդ։
ԵՊՀ ռեկտորի խորհրդական Վիգեն Խալատյանի խոսքով՝ 3 վիրավորներից մեկը ոստիկանության աշխատակից է, զոհը՝ կանաչապատման աշխատակից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասով (Շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք), ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով։