ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի 5-րդ հայցն ընդդեմ Ադրբեջանի: Դիմումը Հայաստանը ներկայացրել էր սեպտեմբերի 28-ին՝ ԼՂ-ի վրա ադրբեջանական հարձակումից և հայերի բռնի տեղահանումից հետո՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործով: Միջանկյալ միջոցի կիրառմամբ դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել ցանկացողների վերադարձը ԼՂ, ինչպես նաև այնտեղից հեռանալ ցանկացողների անխոչընդոտ դուրսբերումը, մնացողների՝ անվտանգությունը:
Բարձր ատյանը նաև պարտավորեցրել է Բաքվին պահպանել հայերի ինքնությունն ու մասնավոր սեփականության նկատմամբ իրավունքը հաստատող բոլոր փաստաթղթերը և դրանք հիմք ընդունել հետագայում: Ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը Ադրբեջանը պետք է ներկայացնի ութ շաբաթից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով 2023 թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության անունից դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ժամանակավոր միջոց կիրառելու մասին խնդրանքով։