Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ուրբաթ Բեռլին կատարած այցի ժամանակ կարող է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին խնդրել հանելու Eurofighter Typhoon կործանիչների վաճառքի արգելքը, սակայն Գերմանիան, ամենայն հավանականությամբ, կմերժի։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով թուրք և գերմանացի պաշտոնյաների։
Պարբերականի տվյալներով՝ Թուրքիան կարող է Գերմանիայից, որը Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի հետ կործանիչների արտադրության Eurofighter կոնսորցիումի մաս է կազմում, խնդրել առնվազն 20 ինքնաթիռ՝ հետագայում դրանց թիվը կրկնապատկելու հնարավորությամբ։ Թուրքիան, ըստ զրուցակիցների, նման ինքնաթիռների կարիք ունի «իր հնացած օդուժը թարմացնելու», ինչպես նաև Հունաստանի կողմից ֆրանսիական Dassault Rafale ինքնաթիռների գնմանն արձագանքելու համար։ Bloomberg-ը պարզաբանում է, որ Թուրքիան վաղուց է ծրագրել շահագործումից հանել հնացած F-4 ինքնաթիռները:
Փորձագետները, սակայն, ենթադրում են, որ Գերմանիան դժվար զիջումների գնա, քանի որ երկու երկրի միջև դիվանագիտական լարվածությունը պահպանվում է մի շարք հարցերի շուրջ, ներառյալ՝ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների դատապարտումը, ռուսական հակաօդային պաշտպանության գնումը և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի վավերացման ձգձգումը: