Եվրոպական միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն «Արմենպրեսի» թղթակցի հետ հարցազրույցում անդրադարձել է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը, որով վերջինս ԵՄ-ին մեղադրել էր տարածաշրջանում նոր հակամարտություն խթանելու համար ու սպառնացել համարժեք պատասխանով։
Ըստ եվրոպացի պաշտոնյայի՝ յուրաքանչյուր ինքնիշխան երկրի իրավունքն է ուժեղացնել իր բանակը և ռազմական օգնություն ստանալ այնտեղից, որտեղից կորոշեն:
«Երկրները ստանում են ռազմական աջակցություն իրենց գործընկերներից, տարբեր շուկաներից: Նրանք կարող են դա ստանալ՝ կախված իրենց հարաբերություններից: Սա յուրաքանչյուր անկախ և ինքնիշխան երկրի իրավունքն է, և ոչ ոք իրավունք չունի խառնվելու դրան, քանի դեռ պահպանվում են բոլոր միջազգային օրենքներն ու համաձայնագրերը»,- ասել է Ստանոն։
Նա նաև պարզաբանել է, որ Եվրամիության աջակցությունը Հայաստանին կապ չունի հանրապետությունը զինելու հետ:
«Մենք պարզապես ցանկանում ենք մեծացնել աջակցությունը Հայաստանին՝ իր ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու և ցանկացած տեսակի սպառնալիքներից իրեն պաշտպանելու կարողության հարցում։ Մենք շատ հստակ ասել ենք, որ ամուր կանգնած ենք Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կողքին: Սա Եվրամիության շատ հստակ դիրքորոշումն է»,- ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակն ու զգուշացրել, որ այն չհարգելու դեպքում, հետևանքներ կլինեն նրանց համար, ովքեր դա կանեն։
Ինչ վերաբերում է Բաքվի հայտարարությանը, թե Եվրամիությունը անկայունություն է հրահրում, Պետեր Ստանոն հայտարարել է.
«Եվրամիությունը չէ, որ միակողմանի ռազմական քայլեր է անում։ Բայց այն, ինչ տեսանք Լեռնային Ղարաբաղի դեպքում, միակողմանի ռազմական քայլ էր, ռազմական գործողություն սկսել էր՝ չնայած նախկինում հնչեցրած հավաստիացումներին, որ հարցը ռազմական ճանապարհով չի լուծվելու։ Հետևաբար, մինչև ուրիշին մատնացույց անելը, լավ կլինի, որ ոմանք փոքր-ինչ ինքնախոհ լինեն։ Բայց նորից եմ կրկնում՝ բացարձակապես ոչ մի պատճառ չկա քննադատելու այն, ինչ Եվրամիությունը ասում կամ անում է Հայաստանի համար: Սա շատ թափանցիկ է և ուղղված չէ որևէ մեկի դեմ»:
ԵՄ խոսնակը վստահեցրել է, որ կառույցն աշխատում է ազնվորեն և անկեղծորեն, որպեսզի տարածաշրջանում ավելի կայունություն հաստատվի՝ կանխելու ռազմական գործողությունները, միակողմանի քայլերը:
«Մեր սեփական փորձից ելնելով՝ կարծում ենք, որ հարցերը, խնդիրներն ու բախումները լավագույնս լուծվում են խոսելու, ներգրավվածության, բանակցությունների սեղանի շուրջ նստելու միջոցով։ Դրա համար մենք միշտ ուրախ ենք և կանգնած ենք այնտեղ, որտեղ պետք է, որպեսզի պատրաստ լինենք նաև նպաստել կամ շարունակել նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ արեցինք երկու երկրին վերսկսել բանակցությունները և լուծել բոլոր առկախված խնդիրները՝ խաղաղության պայմանագիրը կնքելու նպատակով։ Իդեալական կլինի, եթե դա լինի մինչև տարեվերջ»։
Ստանոն նշել է, որ կողմերը դիմեցին իրենց այն բանից հետո, երբ հասկացան, որ Ռուսաստանն ազնիվ միջնորդ չէ, որ չի կարելի հույս դնել Ռուսաստանի վրա, քանի որ այն իր թաքնված օրակարգն ունի։ «Իսկ Հայաստանի պարագայում Ռուսաստանը մեծապես չկատարեց Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունները: Այսպիսով, մենք այնտեղ ենք, քանի որ մենք ազնիվ միջնորդ ենք, մենք կանենք հնարավորը»,- ասել է ԵՄ խոսնակը: