ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են՝ նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը նոյեմբերի 14-16-ը Նյու Դելիում մասնակցել է Ասիական զարգացման հիմնադրամի 14-րդ համալրման համատեքստում կայացած համաժողովին: Այցի շրջանակներում Է. Հակոբյանը հանդիպել է նաև Հնդկաստանի ֆինանսների նախարարի տնտեսական հարցերով քարտուղար-տեղակալ Աջայ Սեթի հետ:
Հանդիպմանը քննարկվել են միջգերատեսչական գործնական և հեռանկարային համագործակցության, ինչպես նաև երկկողմ օրակարգի ֆինանսավարկային նախաձեռնությունների գործիքակազմին առնչվող հարցեր:
Էդուարդ Հակոբյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ ընթացիկ տնտեսական զարգացումներն ու դրանց հետագա միտումները, տարբեր մարտահրավերների դիմագրավման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության առաջնային կարիքների ապահովմանն ուղղված երկարաժամկետ և միջնաժամկետ ծրագրերը:
Հանդիպմանը, որին ներկա է եղել նաև Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը, քննարկվել են միջգերատեսչական գործնական և հեռանկարային համագործակցության, ինչպես նաև երկկողմ օրակարգի ֆինանսավարկային նախաձեռնությունների գործիքակազմին առնչվող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ գործակցության առավել ընդլայնմանն ուղղված սերտ շփումների շարունակականության ապահովման և նախանշված ծրագրերի իրականացմանը միտված անհրաժեշտ հետևողականության ցուցաբերման ուղղությամբ: