ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:
«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Սպիտակ համայնքի բնակիչ, նախկինում ծանր և առանձնապես ծանր հանցանքներ կատարելու համար ազատազրկման դատապարտված, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ քրեական հեղինակություն հանդիսացող Հ․Ս-ն ստեղծել և ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, որը գործել է իր սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության սահմանած վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին, և որի նպատակը եղել է բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը։
Այնուհետև Հ․Ս-ն, մասնավոր հարցերին առնչվող վեճերը լուծելու և անօրինական օգուտ ստանալու նպատակով, երեք անձից ստացել է անօրինական օգուտներ, որոնցից մեկից վերցրել է տրանսպորտային միջոց, ինչպես նաև ձեռնամուխ է եղել հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող մի շարք վեճերի լուծմանը։
Բացի այդ, Հ․Ս-ի կողմից ստեղծված և ղեկավարված քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցել է Սպիտակ համայնքի բնակիչ, նախկինում ծանր և առանձնապես ծանր հանցանքներ կատարելու համար ազատազրկման դատապարտված Գ․Ա-ն, ով, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելով, ձեռնամուխ է եղել անօրինական գործողությունների միջոցով մասնավոր հարցերին առնչվող վեճերը լուծելուն և անօրինական օգուտ ստանալուն։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ․Ս-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը և ղեկավարելը), Գ․Ա-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը)։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ․Ս-ի հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող, Սպիտակ համայնքի բնակիչ Մ․Դ-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերով «Տրիհեքսիֆենիդիլ» հոգեմետ նյութ պարունակող 48 հատ հաբ, որից հետո վերջինս ձերբակալվել է։
Հիշյալ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը անջատվել է վերոնշյալ քրեական վարույթից, միացվել է նույն քննչական բաժնում Մ․Դ-ի կողմից կատարված առերևույթ հանցանքների կապակցությամբ քննվող մեկ այլ քրեական վարույթի, որի շրջանակներում Մ․Դ-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելը և պահելը) և 396-րդ հոդվածի 2-րդ մասով (առանց իրացնելու նպատակի ապօրինի կերպով խոշոր չափերով հոգեմետ նյութ ձեռք բերելու և պահելու համար)։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է հարուցվել դատարան՝ Մ․Դ-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին։
Քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: