BBC-ի միջազգային ծառայության հետաքննական ստորաբաժանումը՝ BBC Eye-ը, բացահայտել է, որ մոտ 20.000 ուկրաինացի տղամարդ օգտագործել է երկրից փախչելու տարբեր ուղիներ՝ զորակոչից խուսափելու համար, Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր:
Նրանք զրուցել են պատերազմից խուսափած որոշ տղամարդկանց հետ, որոնք ներկայացրել են իրենց վիճակը, ընտրությունը և թե ինչի միջով են անցել որպեսզի հեռանան Ուկրաինայից և ապաստան խնդրեն հարևան երկրներում: BBC Eye-ի գաղտնի զեկույցը բացահայտում է մաքսանենգներին, որոնց վճարովի ծառայությունները գովազդվում են հաղորդագրությունների հավելվածում:
2022 թվականի փետրվարին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո 18-60 տարեկան ուկրաինացի տղամարդկանց արգելվեց հեռանալ երկրից, առանց դրա թույլտվության: Սակայն BBC Eye-ը՝ սահմանների ապօրինի հատումների վերաբերյալ տվյալներ ստանալով Ռումինիայից, Մոլդովայից, Լեհաստանից, Հունգարիայից և Սլովակիայից, հաստատել է, որ 2022 թվականի փետրվարից մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը 19740 տղամարդ ապօրինի հատել է Ուկրաինայի սահմանն այդ երկրների հետ:
Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ երկրից փախչելու փորձի ժամանակ բռնված 21113 մարդկանց մեծամասնությունը՝ 14313-ը, փորձել են քայլել կամ լողալով անցնել սահմանը, իսկ մնացած 6800-ը՝ օգտվել խաբեությամբ ձեռք բերված պաշտոնական փաստաթղթերից:
Այս տղամարդկանց համար ամենահայտնի երթուղին եղել է Մոլդովայի հետ Ուկրաինայի 1200 կմ երկարությամբ սահմանը: Պատերազմի սկզբից ի վեր ավելի քան 11000 մարդ անօրինական անցել է Մոլդովա: Շատերը դրա համար ստիպված են եղել վտանգել իրենց կյանքը:
BBC Eye-ի հետ զրույցում Ուկրաինայի խորհրդարանի անդամ և նախագահի խորհրդարանական ներկայացուցիչ Ֆեդիր Վենիսլավսկին խոստովանել է խնդրի լրջությունը. «Կառավարությունը գիտակցում է, որ այս երևույթը տարածված է։ Ցավոք, պետք է ընդգծեմ, որ կոռուպցիան շատ դիմացկուն է։ Դա արմատախիլ անելը շատ դժվար է»։ Նա հավելել է, որ Ուկրաինան անում է «ամեն ինչ՝ կոռուպցիոն դեպքերի թիվը նվազագույնի հասցնելու համար»։
Վենիսլավսկին BBC Eye-ին ասել է, որ այն տղամարդկանց թիվը, որոնք հեռացել են կամ փորձել են հեռանալ, չի ազդել պատերազմի վրա, զորահավաքից խուսափողները կազմում են մոտ 1-5%:
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն էլ 2023 թվականի սեպտեմբերին ասել է, որ Ուկրաինայի 1 միլիոնանոց պաշտպանական ուժերից ավելի քան 800000-ը գտնվում են երկրի զինված ուժերում: