Նոյեմբերի 17-ին Եվրոպական միության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է «Աջակցություն մոնիթորինգին, իրագործմանը և հաղորդակցությանը» համատեղ ծրագրի թիմի ղեկավար Խարալամպուս Պանորիոսի ղեկավարած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:
«Հանդիպմանը մասնակցում էին ԵՄ պատվիրակության համագործակցության մասով պատասխանատուները, ՀՀ փոխվարչապետի գրասենյակի, ծրագրի աջակցող թիմի ներկայացուցիչները և ՓԾ ղեկավար կազմը։
Ողջունելով հյուրերին՝ Փրկարար ծառայության տնօրենը կարևորեց Հայաստանի Հանրապետության և Եվրամիության համագործակցությունը՝ նշելով, որ Փրկարար ծառայությունն իր լիազորությունների շրջանակներում շարունակում է իրականացնել աշխատանքները ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ։
Ներկայացնելով Համաձայնագրի ճանապարհային քարտեզով սահմանված գործողությունների կատարման ընթացքը՝ Փրկարար ծառայության տնօրենն ընդգծեց ծրագրի իրականացման ոլորտային ուղղությունները և նախանշեց առաջնահերթությունները։
Իր խոսքում նա անդրադարձ կատարեց «Աղետների ռիսկի նվազեցման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությանը, օրենսդրական դաշտի բարելավմանը, ինչպես նաև աղետների ժամանակ ընդունող երկրի աջակցության մեխանիզմի գործարկման հնարավորություններին՝ որպես գերակա ուղղություն։
ԵՄ պատվիրակության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ ԵՄ կողմը պատրաստակամ է ընդլայնելու համագործակցությունը՝ տեխնիկական աջակցության ցուցաբերման և ռազմավարական ծրագրերի իրականացման հարցում։
Քննարկման ընթացքում կողմերը նաև անդրադարձան միջոցառումների ընթացքում ի հայտ եկած խոչընդոտներին, առկա կարիքներին, փորձի փոխանակման և ոլորտի բարելավման հնարավորություններին։
Հանդիպման ավարտին Փրկարար ծառայության տնօրենն իր երախտագիտությունը հայտնեց հյուրերին և արդյունավետ համագործակցություն մաղթեց հետագա նախաձեռնությունների իրականացման համար»,- նշված է հաղորդագրության մեջ։