Սկսվել է «40.000+10.000» ծրագիրը, ինչի արդյունքում հոկտեմբերի 5-ի դրությամբ ունեինք 10 հազար մարդ, որ հյուընկալվել էին հյուրանոցներում, հյուրատներում, պետական և համայնքային շենքերում: Այսօրվա դրությամբ այս կատեգորիայի կեցավայրերում ունենք 1143 մարդ: Այդ մասին հումանիտար կենտրոնի ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
«Սա նշանակում է, որ մարդիկ արձագանքել են այս հնարավորությանը և իրենք իրենց համար փորձում են վարձակալել բնակարաններ, տներ, իրենց նախընտրած կամ հնարավոր ավելի հարմար միջավայրում»,- ասաց նախարարի տեղակալը և նկատեց, որ այս համատեքստում դեռ շարունակվում են ներքին տեղաշարժերը:
Շարունակվում են նաև հումանիտար բեռների հետ կապված աշխատանքները: Մասնավորապես՝ Լեհաստանից, Ռումինիայից, տարբեր կազմակերպություններից, այդպես էլ ռուսաստանաբնակ գործարարներից: Ավստրիայի, Գերմանիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի, Արգենտինայի կողմից ՀՀ-ին փոխանցված հումանիտար բեռները սահմանված կարգով պահեստավորվում են, ընդունվում են ՆԳՆ համապատասխան կառույցներում, և մարզպետարանների համայնքներից ստացված հայտերի համակարգման և ընդհանրացման արդյունքում դրանք բաժանվում են մարզերին, ապա համայնքներին ու բնակավայրերին:
«Առանձին ուզում եմ նշել Իրանի Իսլամական Հանրապետության կողմից տրամադրված հումանիտար բեռը, որը հատկացվել է Սյունիքի մարզպետարանին»,- ասաց նախարարի տեղակալը: