ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարան: Նախարարը տեղում ծանոթացել է այսօր առավոտյան ԵՊՀ-ի առաջին մասնաշենքի նկուղային հարկում բռնկված հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Այնուհետև Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հերացի» համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն:
Նախարարը զրուցել է տուժած քաղաքացու հետ, հետաքրքրվել նրա ինքնազգացողությամբ և մաղթել շուտափույթ ապաքինում։
Տեղեկացնենք, որ տուժածի վիճակը մասնագետները գնահատում են բավարար:
Ինչպես տեղեկացրել էինք, նախնական տեղեկություններով՝ պայթյուն է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի մասնաշենքում։ Պայթյունի ձայնը լսվել է շատ հեռվից։
Նախնական վարկածով՝ հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումների պատճառով։
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ պայթյունի հետևանքով կան տուժածներ։ Նախնական տվյալներով՝ կա մահվան դեպք:
ԵՊՀ մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ ԵՊՀ-ում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 1, վիրավորվել՝ 3 մարդ։
ԵՊՀ ռեկտորի խորհրդական Վիգեն Խալատյանի խոսքով՝ 3 վիրավորներից մեկը ոստիկանության աշխատակից է, զոհը՝ կանաչապատման աշխատակից: ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհի բռնկումով պայթյունի վերաբերյալ:
ՔԿ-ից հայտնել են, որ ԵՊՀ-ում պայթյունից զոհված քաղաքացին 73-ամյա Ժ․ Խ․-ն է: