Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատությունում սեպտեմբերի 24-ի դրությամբ բնակվում էր 10 երեխա՝ 5 աղջիկ և 5 տղա: Նրանք սեպտեմբերի 25-ին տեղափոխվել են Հայաստանի շուրջօրյա խնամքի հաստատություններ և մինչև օրս ճգնաժամային կենտրոններից մեկում են: Այդ մասին «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:
«Երեխաների տարիքը 1-ից 17 է, տեղափոխման պահին 2 երեխաներ խիստ անբավարար առողջական վիճակում էին գտնվում, տեղափոխվել էին Գորիսի հիվանդանոց, այնուհետև, ամբողջությամբ լավանալու հետ կապված, տեղափոխվել են խնամքի հաստատություն»,- ասաց նախարարի տեղակալը:
Քանի որ լուրեր էին շրջանառվում այս երեխաների որդեգրման և խնամքի կազմակերման մասով, Տաթևիկ Ստեփանյանը հարկ համարեց տեղեկացնել, որ բոլոր երեխաներն ունեն կենսաբանական ծնողներ:
«Նրանցից ոչ մեկի ծնողը զրկված չէ ծնողական իրավունքներից, և հետևաբար մեր՝ որպես պետության, պարտականությունն է լինելու ինչպես ՀՀ-ում բնակվող երեխաների կյանքի լավագույն ընթացքն ապահովելը՝ վերամիավորելով ընտանիքներին կամ խնամատարության տեղավորելով»,- ասաց նա:
Նախարարի տեղակալը նաև տեղեկացրեց, որ երկու երեխաների ընտանիքներ արդեն իսկ տեղափոխվել են հաստատության մոտ բնակավայրերում բնակվելու, և այժմ փորձ է արվում վերամիավորել նրանց:
Բռնի տեղահանման ժամանակ եղել են նաև ընտանիքներ, որտեղ երեխաները որևէ մեկի խնամակալության տակ են եղել, այդ դեպքերը ՀՀ օրենսդրությամբ կկարգավորվեն:
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ ունենք, որ երկու ծնողներն էլ մահացած են եղել, համայնքը խնամակալ կամ հոգաբարձու է նշանակել»,- ասաց նա և հավելեց, որ նման գործընթացները կազմակերպվում են բացառության սկզբունքով՝ ըստ ՀՀ օրենսդրության: