Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ։
Պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին։
Պաշտպանն ընդգծում է, որ պատահարը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի ոչ միայն պատասխանատուներին բացահայտելու և պատասխանատվության կանչելու, այլ նաև ապագայում նման դեպքերը բացառելու անհրաժեշտությունից ելնելով։
Պաշտպանը նաև հավելում է, որ նոյեմբերի 17-ն Ուսանողների միջազգային օրն է։ Այս առումով տեղի ունեցածը կրկնակի ցավալի է, քանի որ ակադեմիական համայնքի ներկայացուցիչներն օրը պետք է անցկացնեին տոնի ոգով։
Մարդու իրավունքների պաշտպանը ցավակցում է մահացածի հարազատներին, պատահարի արդյունքում վիրավորում ստացածներին մաղթում շուտափույթ ապաքինում։
Ինչպես տեղեկացրել էինք, նախնական տեղեկություններով՝ պայթյուն է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի մասնաշենքում։ Պայթյունի ձայնը լսվել է շատ հեռվից։