Ընտանիքում բռնության դեմ պայքարը կիրականացվի ավելի արդյունավետ եղանակով, այն է՝ էլեկտրոնային հսկողության միջոցների՝ «բրասլետների» կիրառմամբ: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 17-ի նիստին ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ ներկայացնելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նոր պահանջը:
«Արդյունքում` բռնարարի նկատմամբ կիրառվելու է էլեկտրոնային հսկողության միջոց թե՛ անհետաձգելի միջամտության, թե՛ պաշտպանական որոշումների շրջանակներում: Նախագծով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման կարգը:
Հսկողության ամբողջ գործընթացն իրականացվելու է թվային եղանակով, որը թույլ կտա առանց մարդկային միջամտության հասկանալ, թե արդյոք բռնարարը խախտե՞լ է իրեն ամրացված էլեկտրոնային հսկողության միջոցով էլեկտրոնային հսկողության կարգը, թե՞ չէ: Եթե՝ այո՛, ապա ավտոմատ համակարգն ահազանգի միջոցով, նույնականացնելով խախտումը, ոստիկանությանը թույլ է տալու հետագայում ձեռնարկել համապատասխան միջոցներ»,- ասաց Վահե Ղազարյանը և տեղեկացրեց՝ քանի որ սերվերային կարողությունների անհրաժեշտություն կա, առաջարկեց, որ որոշումն ուժի մեջ մտնի 2025-ի հուլիսի 1-ից:
Անդրադառնալով առաջարկին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումը կարևոր համարեց այն առումով, որ էլեկտրոնային եղանակով ձեռնակապերի կիրառմամբ հնարավորություն է ստեղծվում զոհի և բռնարարի միջև հեռավորությունը ստուգել, և այն չպահպանելու պարագայում ոստիկանությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի:
«Վերջին 1 տարվա ընթացքում էլեկտրոնային այս սարքերը սկսել ենք կիրառել տարբեր նպատակներով, հիմա նաև պրոբացիայի ծառայություն կողմից է կիրառվում, 2023-ից մտավ նաև տնային կալանքը՝ որպես խափանման միջոց»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը տեղեկացրեց, որ պրոբացիայի ծառայությունն արդեն ձեռք է բերել շուրջ 300 սարքավորում, իսկ ամռանից կիրառվում է նաև դրանց միջոցով վարչական հսկողությունը:
«Դրանք տարբեր սարքավորումներ են, տարբեր ձեռնակապեր են: Դատավորի կողմից ֆիքսվում է այն տարածքը, որից դուրս գալ դատապարտյալը չի կարող, իսկ տնային կալանքը ֆիքսում է սարքավորումը տանը»,- ասաց Գրիգոր Մինասյանը՝ նշելով, որ ձեռնակապերն արդյունավետ են աշխատում:
Սարքերի հետ կապված խնդիր է առաջացել միայն այն մարզերում, որտեղ ինտերնետի հասանելիությունը լավը չէ, սակայն այդ խնդիրը ևս լուծվել է. ձեռնակապում ինտերնետի հասանելիությունն է կարգավորվել: