Հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտային հարկի վերադարձման համակարգով առաջարկվում է ըստ մարզերի և ըստ տարիների աստիճանաբար կրճատել եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 17-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Առաջարկվում է սահմանել, որ 2027-ի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով չի վերադարձվում [գումարը], եթե գույքը գտնվում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի վարչական տարածքներում: 2029 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով չի վերադարձվում, եթե անշարժ գույքը գտնվում է այլ մարզերում»,- ասաց նախարարը և հավելեց. «Նախագծով առաջարկվում է նաև սահմանել, որ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի մասով հիփոթեքային վարկի վարկառուին և, առկայության դեպքում, համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի վերադարձման ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 750 հազար դրամը»:
Անդրադառնալով նախագծին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ եկամտային հարկի վերադարձի օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո գրանցվել է շինարարության մեծ աճ, հիմա որոշում է կայացվել, որ շինարարության տեմպը շարունակվի նաև հարակից մարզերում:
«Նաև արդեն մյուս մարզերի համար այդ սահմանափակումը կգործի 2029 թվականի հունվարի 1-ից այն արձանագրմամբ, որ սահմանամերձ բնակավայրերում՝ մեր ցանկում սահմանված սահմանամերձ բնակավայրերում, այդ սահմանափակումը չի գործի»,- ասաց վարչապետը և հավելեց, որ որոշման տրամաբանությունը տարածքային համաչափ զարգացումը խթանելն է:
Վարչապետը նաև հիշեցրեց, որ այս գործիքակազմի ընդունմամբ քաղաքացիների՝ բնակարան ձեռք բերելու գործընթացում առաջընթաց է գրանցվել:
«2018 թվականից մինչ օրս ավելի քան 3500 ընտանիք ձեռք է բերել այս գործիքի կիրառմամբ բնակարան, 2018 թվականի համեմատ այդ թիվը մոտավորապես 10 անգամ ավելացել է, և հույս ունենք, որ այս գործիքի կիրառմամբ նաև մարզերում անշարժ գույքի առաջնային շուկան կզարգանա, և բնակարանաշինությունը կխթանվի: 2022-ի արդյունքներով մենք այս հոդվածով շուրջ 35 միլիարդ դրամի վերադարձ ենք իրականացրել ընդհանուր եկամտային հարկի վերադարձը, որի 90 տոկոսը հիփոթեքային վարկի վերադարձի հոդվածով է տեղի ունենում»,- ասաց Փաշինյանը և առաջարկեց ընդունել նախագիծը:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մանրամասնեց՝ 2025-ի հունվարի 1-ից է դադարում ծրագիրը Երևանում:
«Մենք սկսել ենք 2022 թվականի հուլիսի 1-ից առաջին գոտու համար սահմանափակումը, 2023-ի հունվարի 1-ից՝ երկրորդ գոտու համար, 2023-ի հուլիսի 1-ից՝ երրորդ գոտու համար, իսկ 2025-ի հունվարի 1-ին կդադարի»,- ասաց նա:
Թեմայի շրջանակում քննարկում ծավալվեց, և պարզվեց՝ Երևանում և մարզերում շինթույլտվություն տալու և եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի ժամկետների սահմանափակման առումով անճշտություններ կան: Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը որոշեց օրակարգից հանել հարցը, հանձնարարեց ճշտել բոլոր նրբությունները, որպեսզի «շուկան չդեֆորմացվի»:
«Եթե երկու կարգավորումներ են, երկու տարբեր կարգավորումներով չի աշխատի համակարգը: Այսինքն՝ մեր նպատակադրումից կհեռանանք: Հարցը օրակարգից հանվում է»,- ասաց նա: