Նոյեմբերի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:
ԱԳ նախարարի տեղակալը, ողջունելով Հատուկ զեկուցողին, կարևորել և բարձր է գնահատել ՄԱԿ-ի տարբեր մեխանիզմների հետ Հայաստանի համագործակցությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հատուկ զեկուցողի մանդատից բխող ուղղություններով Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականության վերաբերյալ: Այս համատեքստում մասնավորապես անդրադարձ է կատարվել տարիներ շարունակ Հայաստանի կողմից ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ գործադրվող ջանքերին, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀՀ կողմից տարվող աշխատանքներին, ինչպես նաև ներկայացվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի հանդեպ վարած էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը, Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական հարձակումների ընթացքում արձանագրված մարդու իրավունքների կոպիտ խախտումները:
ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է էլ ավելի ամրապնդել համագործակցությունը ՄԱԿ հատուկ ընթացակարգերի հետ, այդ թվում միջազգային լավագույն փորձի ներկայացման և մարդու իրավունքների կրթական ծրագրերին մասնակցելու միջոցով: