ՀՀ-ի և հայ ժողովրդի երկարաժամկետ բարեկեցության գրավականը, իմ համոզմամբ, ազատության և խաղաղության միաժամանակյա գոյությունն է այս տարածքում: Այս հողակտորի վրա Հայաստանը, հայ ժողովուրդը երբեք միաժամանակ չի ունեցել ազատություն և խաղաղություն: Այսօր մենք իրական շանս ունենք. այսօր մենք ունենք ազատություն և շանս կարող ենք ունենալ՝ ձեռք բերելու նաև խաղաղություն, և հենց որ դա տեղի ունենա, երբ ազատությունը և խաղաղությունը միաժամանակ ՀՀ-ում գոյություն ունենան, ջախջախվելու է տասնամյակների և հարյուրամյակների այն գաղափարաբանությունը, որը հակոտնյա է մեր պետությանը և մեր պետականությանը՝ մեր պատկերացումների համատեսքստում: Դրա համար է այս ամբողջ աղմուկը և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս, որովհետև մենք ստացել ենք ազատություն, և ակնհայտ է, որ գնում ենք խաղաղության ճանապարհով: Այս մասին խորհրդարանում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից իր ելույթում հայտարարեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Նրա խոսքով՝ հենց միաժամանակ ունենանք այդ երկուսը, փլվելու է այն կոնցեպտը, որի վրա, ցավոք, կառուցված է մեր ընդդիմության գաղափարաբանությունը, որովհետև, ըստ բանախոսի, չկա տնտեսական զարգացում առանց տնտեսական ազատությունների, և չկան տնտեսական ազատություններ առանց քաղաքական ազատությունների, և չկան քաղաքական ազատություններ, երբ կա կլեպտոկրատիա՝ գողապետություն:
«Իսկ դա, հարգելի՛ ընդդիմադիրներ, ձեր ժամանակների քաղաքական համակարգի ողջ բովանդակությունն է: Այս պահին դատախազությունը ապօրինի գույքի բռնագանձման 90 հայցադիմումով 500 միլիարդից ավելի գումար է պահանջում»,- ասաց Կոնջորյանը՝ դիմելով ընդդիմության ներկայացուցիչներին:
«Ո՞րն է նարատիվը եղել: Դուք ունեք վատ աշխարհագրություն և անբարենպաստ հարևաններ ու դրա համար ունեք պաշտպանության կարիք, և մենք կգանք ձեզ կպաշտպանենք: Ու ինչ է ստացվել, հարգելի՛ գործընկերներ: Պարոն Խաչատրյանը (պատգամավոր Արթուր Խաչատրյան-խմբ.), իրենց քաղաքական ուժերը տասնյամյակներ շարունակ զոհաբերել են ազատությունը, որ ստանան անվտանգություն, և արդյունքում զրկվել են և՛ ազատությունից, և՛ անվտանգությունից: Այն, ինչ արել է ձեր քաղաքական ուժը, այն, որ ստեղծել է այդ անվտանգության պատրանքը՝ զոհաբերելով ազատությունը, որ ստանա անվտանգություն, ու հետո հանկարծ պարզվել է, որ հեռախոսը չեն վերցնում, որ այդ անվտանգությունն այդքան էլ անվտանգություն չէ, հետո պարզվել է, որ այդ սահմանը կարծես չի երևում: Դա է եղել ձեր ստեղծած անվտանգությունը, ձեր ստեղծած բանակը: Դրա համար է այսօր այդ կոնցեպտը փոխվում»,- ասաց Կոնջորյանը:
Նրա խոսքով՝ դրա համար, երբ այսօր փորձում ենք կառավարել մեր աշխարհագրությունը, ազդեցություն ունենալ մեր աշխարհագրական դիրքի բովանդակության վրա, ընդդիմադիրները հայտարարում են՝ «Խաղաղության խաչմերուկը» թշնամու ծրագիրն է:
«Գիքորի պատմությունը ձեր ստեղծած Հայաստանի մասին է, Գիքորն ըստ էության հայ ժողովրդի հավաքական կերպարն է: Եվ ամեն անգամ, երբ կմնանք Գիքորի նարատիվի մեջ, երբ ամեն անգամ կապավինենք բազազ Արտեմների հոգածությանը, հիշեք մսագործի և հնդկահավի պատմությունը»,- ասաց Կոնջորյանը՝ դիմելով ընդդիմադիր գործընկերներին:
Նրա խոսքով՝ մենք մեր աշխարհագրության գերին չենք, որովհետև երկար ժամանակ դա է եղել նարատիվը՝ որ չունենք ծով, որ ունենք լեռներ և անբարենպաստ հարևաններ, իսկ փրկիչները միշտ պատրաստակամ են եղել ի հայտ գալ:
«Մենք էլ մեր լեռները, հարևաններին, մեր հարաբերությունները պետք է կառավարենք: Քանի դեռ դա չենք անում, լինելու ենք Գիքորի կարգավիճակում, ինչը դուք մեզ և մեր ժողովրդին հրամցրել եք տասնյամյակներ շարունակ, և մեզ հրամցրել են հարյուրամյակներ շարունակ այլ արտաքին ուժերը: Եկել է ժամանակը, որ դուրս գանք այդ նարատիվից, և ես հավատում եմ, որ եկող տարվա բյուջեն ազատության և խաղաղության բյուջե է, և մեր առաջնահերթությունը լինելու է դա: Ու մենք՝ որպես իշխող խմբակցություն, պարտավորված ենք և ունենք առաքելություն՝ պաշտպանելու Հայաստանում ազատությունը, որպեսզի ունենանք նաև խաղաղություն, և ՔՊ խմբակցությունը, անշուշտ, պաշտպանում է այս բյուջեի նախագիծը»,- խոսքը եզրափակեց Կոնջորյանը: