Երևանում մեկնարկել է ամանորյա տոնական ձևավորումը: Այս տարի հիմնականում կօգտագործվեն նախորդ տարվա դեկորներն ու լուսավորությունը:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ նոր ծախսեր համայնքը չի արել՝ ընդգծում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
«Անցյալ տարի, երբ նոր գույք էինք ձեռք բերում, շատերը քննարկում էին, թե որքանով է դա արդարացված: Ինչպես նախորդ տարի էինք նշում, ձեռք բերված գույքը մեկանգամյա օգտագործման համար չէ, ինչում կարող են մեր բնակիչները համոզվել այս և հաջորդ տարիներին»,- ասում է Սուրեն Գրիգորյանը:
Աշխատանքներն իրականացնում է մասնավոր ընկերությունը: Հանրապետության հրապարակի և գլխավոր տոնածառի ձևավորումը ևս կլինի նույնը:
Տեխնիկական առումով, սակայն, մոտեցումը կտարբերվի: Լուսավորություն անցկացնելու համար կտեղադրվեն մետաղական թեթև կոնստրուկցիաներ, որոնք ավելի քիչ միջամտություն կպահանջեն:
«Անհրաժեշտ եմ համարում արձանագրել, որ, ինչպես խոստացել էին, անցյալ տարի շենքերին բացված բոլոր անցքերը փակվել են»,- նշել է փոխքաղաքապետը:
Թեև տոնական ձևավորումն ավելի ընդգծված կլինի կենտրոնում, բայց համապատասխան մթնոլորտ կապահովվի նաև վարչական բոլոր շրջաններում:
Մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի համար այս տարի կգործի նաև Ամանորի և սուրբծննդյան տոնավաճառը:
«Երևանը միայն Կենտրոնը չէ: Մենք պետք է անենք այնպես, որ մեր համաքաղաքացիները տոնական շունչը զգան նույն ուժգնությամբ, ինչ Կենտրոնի բնակիչները: Ամանորի միջոցառումներն առաջին հերթին ամենասպասվածն են երեխաների համար, մենք չենք կարող սառեցնել նրանց մանկությունը: Ու պետք է այդ մանկությունը լինի վառ և, կարծում եմ, հատկապես Արցախից ժամանած մեր երեխաները դրա կարիքն ունեն»,- նշում է Սուրեն Գրիգորյանը:
Քաղաքի տոնական լույսերը կմիանան դեկտեմբերի 10-ից հետո: Մինչ այդ ձևավորման միջոցառումները կշարունակվեն, ընդ որում՝ մի մասը կիրականացվի գիշերային ժամերին՝ բնակիչներին հնարավորինս քիչ անհարմարություն պատճառելու համար: