ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընթացող «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով քննարկման բացման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենն ասել է.
«Ադրբեջանի հետ բոլոր մակարդակների շփումներում մենք հստակ ազդակ ենք ուղարկել, որ Հայաստանի տարածքում ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է: Բաքվի իշխանությունները մեզ վստահեցրին, որ նման նպատակ չունեն: Մենք այժմ ուշադրությամբ հետևում ենք զորքերի տեղաշարժին, և արդյոք այլ նշաններ կա՞ն, որ նպատակներն այլ են: Ինչպես արդեն նշեցի՝ նրանց հասկացրել ենք, որ հարաբերությունները սովորականի պես չեն շարունակվի, քանի դեռ խաղաղության համաձայնագիրը կնքված չէ: Մենք նաև հետաձգել ենք բարձրաստիճան որոշ այցելություններ:
Այս պահին չենք նախատեսում կիրառել 907 բանաձևի արգելքը, որի կիրառման դեպքում մենք հնարավորություն կունենայինք Ադրբեջանին որոշակի աջակցություն ցուցաբերել: Ի դեպ, այդ աջակցությունը նշանակալի է նրանց և մեզ համար: Եվ դա դեռ գործող որոշում է: Մենք նաև նշում ենք, որ տրանսպորտային միջանցքի ստեղծումը հանգուցված է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հետ, ինչպես նաև այդ միջանցքը ստեղծելու վերաբերյալ Հայաստանի համաձայնության հետ: Այս պահին մենք առաջ ենք բերում բոլոր հնարավոր միջոցները, որոնք, մեր կարծիքով կարևոր են հարաբերություններում, որպեսզի հասկանանք, թե որքանով է հնարավոր հիմա հասնել խաղաղության համաձայնագրի»: