2024-ի բյուջեով 2018-ի համեմատ ավելի քան կրկնապատկվում են պաշտպանության ոլորտի ծախսերը, բայց սա պատերազմի նախապատրաստություն չէ, այլ խաղաղության, որովհետև քաղաքացիների պաշտպանվածության զգացողությունը խաղաղության և կայունության ամենակարևոր երաշխիքն է: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես վստահ եմ՝ մեր բոլոր հարևան երկրները համոզված են, որ մենք որևէ մեկի վրա հարձակվելու որևէ մտադրություն չունենք, և այդ առումով մեր զինված ուժերի բարեփոխումների և ձեռքբերումների շուրջ արտահայտվող անհանգստություններն անկեղծ չեմ համարում երկու պատճառով: Նախ՝ յուրաքանչյուր ինքնիշխան պետության ոչ միայն իրավունքը, այլև պարտականությունն է բարեփոխել, ամրացնել բանակը, ինչը մենք անում ենք, և երկրորդ՝ վերջին 10 տարում Ադրբեջանի պաշտպանական ծախսերը Հայաստանի նույն ցուցանիշից միջինում 3 անգամ ավելի են եղել, և, ըստ էության, շարունակում են այդպիսին մնալ»,- ասաց Փաշինյանը: