Նոյեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր։ Գոհունակություն է արտահայտվել տարբեր ուղղություններ ներառող երկխոսության խորացման կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով նոր նախաձեռնություններով նպաստել դրա հետագա ընդլայնմանը:
Ողջունելով մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում դրական դինամիկան՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ վերջնական որոշման կայացումը համահունչ կլինի ՀՀ-ԵՄ խորացող համագործակցությանը և նշանակալի դեր կունենա մարդկանց միջև շփումների խթանման հարցում։
ՀՀ ԱԳ նախարարը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը քննարկել են Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (Frontex) հետ առկա և հետագա համագործակցության, ինչպես նաև անվտանգային ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Երկուստեք ընդգծվել է եվրոպական կենսակերպին առնչվող մի շարք ցուցանիշներում Հայաստանի գրանցած առաջընթացը և կարևորվել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հավակնոտ բարեփոխումներին ԵՄ շարունակական աջակցությունը։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կայունության հարցերի։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի կարիքների և իրավունքների հասցեագրմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերը։