Եթե Ադրբեջանի հետ խաղաղության սկզբունքները համաձայնեցված են, ապա ի՞նչն է խնդիրը, ինչո՞ւ առաջ չենք գնում, ինչո՞ւ չենք ստորագրում Խաղաղության պայմանագիրը: Հարցադրումներին Ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեի քննարկման շրջանակում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեծ հաշվով, պատճառը անվստահությունն է կողմերի միջև, որովհետև ամեն անգամ մենք՝ Ադրբեջանի, երևի՝ Ադրբեջանը՝ մեր հայտարարությունների, գործողությունների մեջ տեսնում ենք վերը նշված պայմանավորվածություններից հրաժարվելու և ագրեսիվ գործողություններ պլանավորելու մտադրություններ, ինչն էլ բացասաբար է ազդում «Խաղաղության պայմանագրի» տեքստային աշխատանքի վրա:
Մինչդեռ առաջիկայում հստակեցնելու ևս մի քանի առանցքային հարցեր կան, որոնցից մեկը «Խաղաղության պայմանագրի» բովանդակության շուրջ հնարավոր տարընթերցումների հաղթահարման մեխանիզմի ձևակերպումն է (ցավոք, այդպես է իրողությունը, որ յուրաքանչյուր նախադասություն երբեմն հնարավոր է լինում տարբեր կերպ մեկնաբանել, հետևաբար պետք է շատ հստակ մեխանիզմ ունենանք, թե տարբեր մեկնաբանությունների դեպքում ինչպես ենք դա հաղթահարելու), մյուսը՝ անվտանգության երաշխիքների ստեղծումը, որ «Խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո որևէ էսկալացիա հնարավոր չլինի»,- ասաց նա:
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ Կառավարությունը և անձամբ ինքը մտադիր է ակտիվացնել այս հարցերի լուծմանն ուղղված դիվանագիտական և քաղաքական աշխատանքները, իսկ ընթացքի մասին հանրությանը կզեկուցվի պարբերաբար:
Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեմային, ապա, ըստ վարչապետի, իշխող ուժին ու անձամբ իրեն այդ մասով վերագրվել են խոստումներ, պարտավորություններ ու նույնիսկ դավադրություններ: Մինչդեռ, ըստ Փաշինյանի, իշխող ուժի բոլոր խոստումներն ու պարտավորություններն արտահայտված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում. «Մենք պատրաստ ենք րոպե առաջ մեկնարկել այդ նախագծի իրագործումը և ակնկալում ենք տարածաշրջանային երկրների և միջազգային հանրության աջակցությունը»: