Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր կատարած աշխատանքի համար և բարձր գնահատել նրա անձնական ներդրումը մեր երկրների և մեր ժողովուրդների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
«Ձեր գործունեությամբ մեկ անգամ ևս մեզ համար կարևորեցիք և՛ Ճապոնիայի դերը, և՛, իհարկե, Ճապոնիայի բարեկամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Դա արեցիք նույնիսկ շատ առանձնահատուկ կերպով՝ Ձեր ոճով ներկայանալով մեր հանրությանը: Շնորհակալություն այդ ամենի համար»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:
Մասանորի Ֆուկուշիման շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Ճապոնիայի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է՝ ընդլայնելու ազատ, բաց, ինչպես նաև միջազգային համագործակցությունը՝ հիմնված օրենքի գերակայության վրա: Համոզված եմ, որ Հայաստանը ժողովրդավարական երկրներից մեկն է, որն այժմ ավելի ժողովրդավար է դառնում»,- ասել է դեսպանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների և առկա մարտահրավերների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանման հետևանքով ստեղծված հումանիտար ու սոցիալ-տնտեսական խնդիրներին, և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին: