Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Դոհունը (նստավայրը՝ Մոսկվա):Այդ մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի գրասենյակից:
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ հույս հայտնելով, որ վերջինիս նշանակումը կծառայի՝ երկու երկրների և ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական և համագործակցային կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը: «1992 թվականին Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մենք միշտ կարևորել ենք դրանք,- ասել է նախագահը:- Կորեան ինձ համար՝ որպես տնտեսագետի, միշտ յուրահատուկ երկիր է եղել այն առումով, թե կարճ ժամանակում ինչպիսի հաջողություններ է գրանցել 1970-ական թվականներից հետո: Ձեր երկիրը, չունենալով հանքահումքային ռեսուրսներ, սակայն ունենալով աշխատասեր մարդիկ, կարողացավ ծանր վիճակից դուրս գալ և դառնալ աշխարհի զարգացած երկրներից մեկը: Մեզ համար սա լավագույն օրինակներից է»:
Դեսպան Լի Դոհունն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և լավ խոսքերի համար: «Այստեղ այցելությունից առաջ իմ երկրի նախագահը խնդրեց փոխանցել իր հարգանքի հավաստիքն ու լավագույն մաղթանքները Ձեզ, և հայտնել իր ցանկությունն՝ ավելի ամրապնդել մեր երկկողմ հարաբերությունները»,- նշել է դեսպանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կորեայի միջև փոխգործակցության զարգացման վերաբերյալ հարցեր: Երկուստեք կարևորվել է, մասնավորապես, բարձրտեխնոլոգիական ոլորտում առավել ակտիվ համագործակցությունը: Նախագահը ողջունել է Հայաստանում մշտական դիվանագիտական առաքելություն բացելու՝ Կորեայի Հանրապետության կառավարության մտադրությունը և շեշտել, որ այն նոր խթան կհանդիսանա երկու երկրների քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության ամրապնդման համար:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանում ստեղծված իրադրության և առկա խնդիրների վերաբերյալ: Այս համատեքստում՝ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ կայուն և տևական խաղաղության հաստատումը, ինչպես նաև «խաղաղության խաչմերուկ» ծրագրի առաջմղումը կարևոր հիմք կարող է դառնալ տարածաշրջանի երկրների հետագա զարգացման համար: