ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ նոյեմբերի 17-ին Երևանի պետական համալսարանում կմեկնարկի «Համահայկական գիտաժողով-2023»-ը, որն այս տարի կանցկացվի երկրորդ անգամ:
Վեցօրյա գիտաժողովի շրջանակում զեկուցումներով հանդես են գալու Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից հայտարարված հետևյալ մրցույթների շահառուները՝ ներկայացնելով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների իրականացման ընթացքը և միջանկյալ արդյունքները.
- «Գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցություն 2021» (21SCG).
- «Առաջատար հետազոտությունների աջակցություն» (21AG).
- «Գիտական խմբերի կամ լաբորատորիաների ամրապնդմանն աջակցություն» (20TTCG).
- «Գիտական խմբերի մեկնարկին աջակցություն» (20TTSG).
- «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր» (22 IRF).
- «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» (22RL):
Գիտաժողովին ներկա են լինելու գիտական խմբերի մյուս բոլոր մասնակիցները և համապատասխան մրցույթների մասնագիտական փորձագիտական խորհրդի անդամները:
Գիտաժողովի նպատակն է խթանել հանրապետությունում գիտության տարբեր ոլորտների զարգացումը, հնարավորություն ընձեռել մասնագետներին իրազեկ լինելու հարակից ոլորտների գիտահետազոտական աշխատանքներին և առաջընթացին, ստեղծել նոր կապեր և ամրապնդել փոխգործակցությունը գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների և համալսարանների միջև:
Գիտաժողովի երրորդ օրը՝ նոյեմբերի 19-ին, իրենց հետազոտությունների վերաբերյալ 58 գիտական պաստառներ (poster) կներկայացնեն նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող այլ գիտական թեմաների շահառուները:
«Համահայկական գիտաժողով-2023» գիտական միջոցառմանը խրախուսվում է նաև 2023 թվականին ամփոփված մրցույթների արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ղեկավարների, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր» (IRF 23, IRF 23/2) և «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» (RL23) մրցույթների շահառուների մասնակցությունը: