Նոյեմբերի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի կողմից «Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությունը:
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ ստորագրման արարողությանը ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Միջազգային արևային դաշինքի համահիմնադիր երկրների ներկայացուցիչները՝ Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան:
Համաձայնագիրը ստորագրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ինչից հետո ստորագրված բնօրինակը պաշտոնապես հանձնվել է Համաձայնագրի ավանդապահ պետություն հանդիսացող Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Համաձայնագիրն այնուհետև կանցնի վավերացման ներքին ընթացակարգերով և ուժի մեջ կմտնի Հայաստանի կողմից ավանդապահ երկրին վավերացման գործիքի հանձնմանը հաջորդող երեսուներորդ օրը:
Միջազգային արևային դաշինքին Հայաստանի միանալը կարևոր քայլ է կլիմայի փոփոխության դեմ պայքարի, վերականգնվող և կանաչ էներգետիկ ռեսուրսների զարգացման, էներգիայի հասանելիության և էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ:
Միջազգային արևային դաշինքը հիմնադրվել է Հնդկաստանի և Ֆրանսիայի համատեղ ջանքերի շնորհիվ՝ կլիմայի փոփոխության դեմ աշխատանքները մեկտեղելու և արևային էներգիայի ռեսուրսները լայնորեն կիրառելու նպատակով: Դաշինքի հայեցակարգը մշակվել է 2015թ. Փարիզում կայացած Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 21-րդ համաժողովի (COP21) շրջանակներում: 2020թ. Դաշինքը փոփոխություններ է կատարել Շրջանակային համաձայնագրի մեջ, որի համաձայն ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները հնարավորություն ունեն միանալու Դաշինքին: Ներկայումս Դաշինքի շրջանակային համաձայնագիրը ստորագրել են 116 պետություն, որոնցից 94-ը ներկայացրել են վավերացման անհրաժեշտ փաստաթղթերը՝ դաշինքի լիիրավ անդամ դառնալու համար։ Դաշինքի որոշումներ կայացնող մարմինը անդամ երկրների համապատասխան ոլորտի նախարարների մակարդակով տարին մեկ անգամ գումարվող վեհաժողովն է: Դաշինքի կենտրոնակայանը գտնվում է Հնդկաստանում:
Վերականգնվող էներգետիկան հանդիսանում է Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման կարևորագույն ուղղություններից մեկը. վերջին տարիներին մասնավորապես մեծ զարգացում է ապրել արևային էներգետիկան։ Այսօր արդեն արտադրված էլեկտրաէներգիայի կառուցվածքում արևային կայաններից արտադրվում է ընդհանուր էլեկտրաէներգիայի ավելի քան 5 տոկոսը. Էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսվում է 2030թ. արևային էներգիայի մասնաբաժինը հասցնել ընդհանուրի մեջ 15 տոկոսի: