ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների շրջանակում դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն նաև փորձնակության (internship) ինստիտուտի ներդրման համապատասխան կարգավորումները։
Վերջիններս նպատակ ունեն նպաստել կրթություն-աշխատաշուկա կապի արդյունավետությանը, որակյալ աշխատուժի ձևավորմանն ու աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը։ Դրանք նաև միտված են աջակցել երիտասարդներին կամ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձանց՝ ծանոթանալու աշխատաշուկայի միտումներին և հեշտությամբ ինտեգրվելու։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ համապատասխան դրույթներով սահմանվում են գործատուի կողմից փորձնակ ներգրավելու հետ կապված հարաբերությունները։
Ըստ այդմ՝ փորձնակն այն անձն է, որը նախնական մասնագիտական, միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում սովորելու ընթացքում կամ ավարտելուց հետո 1 տարվա ընթացքում գործատուի կողմից ներգրավվում է աշխատանքում՝ որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնի անվանմամբ աշխատանքային փորձառություն ձեռքբերելու նպատակով։
Միաժամանակ սահմանվում է, որ՝
-
գործատուն իրավունք ունի կազմակերպելու աշխատանքային պրակտիկա՝ մինչև 2 ամիս ժամկետով, ոչ ավելի, քան 1 անգամ՝ պայմանագիր կնքելով փորձնակի հետ՝ առանց երկարաձգման իրավունքի.
-
գործատուի մոտ փորձնակների թիվը չի կարող գերազանցել տվյալ պահին աշխատողների թվի 10 %-ը.
-
փորձնակն աշխատանքի է ներգրավվում և աշխատանքային փորձառություն է ձեռք բերում ոչ ավելի, քան շաբաթական 5 օր, օրական 4 ժամ և շաբաթական 20 ժամ տևողությամբ՝ պահպանելով հանգստի և սնվելու համար ընդմիջումները.
-
գործատուի մոտ աշխատանքային փորձառություն ձեռք բերելու ժամանակահատվածը փորձնակի համար աշխատանքային ստաժ չի համարվում.
-
փորձնակի վարձատրության հարցը որոշվում է կողմերի համաձայնությամբ։