2020 թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից Արարատի մարզի Եղեգնավան և Լուսառատ գյուղերի տարածքներում՝ Արաքս գետի ավազանում, իրականացված չափագրման արդյունքում արձանագրված՝ ՍՊ ընկերությանը տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության տեղամասից դուրս ավազակոպիճի ապօրինի արդյունահանման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել են նշված ՍՊ ընկերության տնօրենի կողմից ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ինչպես նաև հողը փչացնելու դեպքերի բոլոր հանգամանքները։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:
Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընկերության տնօրենը, 2020 թ․ դեկտեմբերի 21-ից մինչև 2022 թ․ օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում, չունենալով իրավունք, որոշակի աշխարհագրական սահմանանշում պարունակող ընդերքի տեղամասում շեղվել է 2012 թ․ տրամադրված, ապա՝ 2014 թ․ փոփոխությունների ենթարկված թույլտվությամբ նախատեսված կոորդինատներից և դուրս եկել լեռնահատկացման ակտով տրամադրված սահմաններից։
Լուսառատ գյուղի տարածքում, առանց ընդերքօգտագործման իրավունքի, տեխնիկաների օգտագործման միջոցով, ընկերության կողմից արդյունահանվել է ընդհանուրը՝ 2748 խոր. մ ծավալով լեռնային զանգված, այդ թվում՝ վճարման ենթակա 146 156 ՀՀ դրամի չափով բնօգտագործման վճար առաջացնող 716,1 խոր. մ ծավալով ավազակոպիճ՝ միաժամանակ չվճարելով 500 000 ՀՀ դրամի չափով պետական տուրքը։
Արդյունքում՝ պետությանը պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս։ Հիշյալ գործողությունները հանգեցրել են նաև հողի որակի վատթարացման, մեծածավալ չափերի ընդերքից արդյունահանված օգտակար հանածոների կորստի, որն առաջացրել է տվյալ վայրում առկա օգտակար հանածոների հետագա շահագործման դժվարացումը, ինչպես նաև խախտվել է Արաքս գետի հունը:
Բացի այդ, ընկերության տնօրենի վերոնշյալ գործողությունների հետևանքով դեգրադացիայի է ենթարկվել համայնքային սեփականության՝ 1379 քառ. մ մակերեսով ջրային ֆոնդի և 11 953 քառ. մ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքները։ Արդյունքում՝ 13 332 քառ. մ մակերեսով հողային ռեսուրսներին պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս, ինչպես նաև տեղի է ունեցել հողի բերրի շերտի ոչնչացում և վնասում։
Միևնույն ժամանակ, ՍՊ ընկերության տնօրենը, շրջանցելով ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված պահանջները, առանց լիցենզիայի ընդերքն օգտագործելով, չի վճարել գանձման ենթակա 5.000.000 ՀՀ դրամի չափով տուգանքը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ընկերության տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 383-րդ հոդվածի 1-ին մասով և 381-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված ամբողջ վնասը՝ 6 500 000 ՀՀ դրամի չափով, վերականգնվել է։
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։