Երկրում դեռևս բացառված չէ կոռուպցիան, ցավոք, և կան նաև անպատշաճ վարքագծեր, որոնք պետք է ուղղվեն, և դրա շրջանակներում այսօր վարչապետն էլ ընդգծեց, որ պետք է շատ ավելի խստորեն և անհանդուրժողական լինել: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով բուժհաստատություններում կոռուպցիոն դեպքերին վերաբերող հարցին:
Նախարարի խոսքով՝ թե՛ իրենց հասած բողոքներով, թե՛ խորհրդարանի կողմից բարձրացված դեպքերով իրավապահ մարմինների հետ աշխատելով՝ պետք է բացառեն նման դեպքերը:
Ավանեսյանը հորդորեց առողջապահական համակարգի վերաբերյալ գնահատականը կոնկրետ մեկ դեպքով չիրականացնել:
«Համակարգն աշխատում է, զարգանում է, հեղափոխական փոփոխություններ են արվում, որոնք նպաստում են մեր բնակչության առողջության ցուցանիշների բարելավմանը, մայրական մահացության տոկոսի իջեցմանը: Սրանք թվային գնահատականներ են, որոնք ցույց են տալիս համակարգի զարգացումը»,- նշեց նախարարը: