Ասում ենք, որ 3 մլրդ դոլարով ավելացնում ենք պետական բյուջեի եկամտային մասը, և 2022-2023 թթ. արդյունքներով միլիարդ դոլարով ու ավելի ավելացել է բյուջետային եկամուտը։ Բա այդ փողերն օդի՞ց են ընկել, առնվազն դրանց մի մասն այն փողերն են, որ նախկինում չեն վճարվել որպես հարկ, մնացել են դարակներում կամ տարբեր պաշտոնյաների գրպանն են մտել։ Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա, «հասկանալով և ընդունելով քննադատությունը», արձանագրեց. «Մեր քաղաքական կամքը ոչ մի վայրկյան չի սասանվել, և սկսված պրոցեսն իհարկե հանգեցնելու է կոնկրետ արդյունքների»։
Անդրադառնալով Հայաստանում կոռուպցիոն երևույթների ակտիվացմանը՝ Փաշինյանն արձանագրեց «Մենք՝ կառավարության ներկայացուցիչներս, երբեմն հայտնվում ենք հետևյալ վիճակում․ մարդիկ մեզ պաշտոնապես դիմում են, խնդրելով լուծել այս կամ այն հարցը։ Մենք դիմումները վերցնում ենք, մակագրում, կաբինետներով շրջանառում, քննարկում ու վերջում պարզում, որ այդ հարցը չենք կարող լուծել, որովհետև հարցն օրինական լուծում չունի։ Հետո պատահականորեն պարզում ենք, որ դիմումատուն, որը մեզ դիմել էր և մերժում ստացել, լուծել է իր հարցը, որովհետև, ասենք, ոչ թե վարչապետին է դիմել, այլ շատ ավելի ցածր մի պաշտոնյայի կամ «իմացող» մարդու և գործել է բոլորովին այլ մեթոդներով։
Սա, հարգելի՛ գործընկերներ, եկեք ընդունենք, որ խայտառակություն է, ու մենք պետք է այս հարցով լրջորեն զբաղվենք։ Զբաղվել ասելը, ընդ որում, տարբեր կարող է լինել. մի դեպքում կոռուպցիայի դեմ պայքարը խստացնելը, մյուս դեպքում՝ օրենքները պարզեցնելը, որ մարդիկ, նաև կառավարությունը, բյուրոկրատական սարդոստայնների մեջ չընկնեն, որ տնտեսության զարգացմանը խանգարող օրենքները վերացվեն։ Մարդկանց թվում է, թե միայն իրենք են այդ բյուրոկրատական սարդոստայնի մեջ ընկնում. որ ես պատմեմ՝ օրական քանի անգամ եմ տենց սարդոստայնի մեջ ընկնում, երևի չեք հավատա։
Սրանում է հենց բարդությունը, եթե կառավարությունը զբաղվեր միայն մի հարցով, այսինքն՝ մի հարց ունենար, այդ հարցը վստահաբար բավականին արագ կլուծվեր: Բայց կառավարությունը ստիպված է զբաղվել հազար հարցով միաժամանակ, որոնց կառավարումը ոչ մի րոպե չի կարելի հետաձգել, և այդ հարցերը կամ ավելի ճիշտ՝ դրանց լուծումները, երբեմն իրար բացառող են, երբեմն իրար հակոտնյա։ Ընդ որում՝ այդ հարցերը բոլորն էլ կարևոր են, փոխկապակցված և երբեմն դժվար է ասել՝ ո՞րն է առաջնահերթ»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ այս հանգույցը պարզեցնելու համար է բոլորի ուշադրությունը կենտրոնանում երկու հիմնական առաջնահերթության վրա՝ պետականության ամրապնդման և տնտեսության զարգացման: «Այս երկու խնդիրները պետք է լինեն մեր բոլոր գործողությունների ուղենիշը»,- նշեց վարչապետը։