ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի՝ նոյեմբերի 16-ի նիստին անդրադարձավ նաև ընդդիմության այն քննադատությանը, թե ում են պետք ցուցանիշներն ու թվերը, եթե կորցրել ենք Ղարաբաղը: Ըստ Փաշինյանի՝ այս քննադատությունը «լավ առիթ է» Երրորդ հանրապետության պատմությանն անդրադառնալու և պատմությունը վերագնահատելու համար:
«Իսկ այդ պատմության վերագնահատումը մեզ պետք է ասի հետևյալը. այն, ինչ մենք ուզում էինք ԼՂ-ի հարցով, այլևս հնարավոր չէր առնվազն ԵԱՀԿ՝ 1996 թվականի դեկտեմբերի՝ Լիսաբոնի գագաթնաժողովից հետո, և նրանք, ովքեր այդ գագաթնաժողովի «կոնսենսուս մինուս մեկին» («մինուս մեկը», ընդ որում, Հայաստանն էր) միանալուց հետո պաշտոնական հանդիպումների փակ հատվածներում և ռեստորաններում մեզ հավաստիացնում էին, թե դա հնարավոր է և անպայման լինելու է, ու մեզ անընդհատ քաջալերում էին, մտքում մի նպատակ ունեին միայն՝ թույլ չտալ, որ Հայաստանում պետություն կայանա: Եվ նրանց ռազմավարական սցենարը հենց դա էր՝ Ղարաբաղի հարցը որպես լծակ օգտագործել Հայաստանի պետականության զարգացումը թույլ չտալու համար, թույլ չտալ որևէ սցենարով Ղարաբաղի հարցի լուծում այնքան ժամանակ, մինչև նրա լուծման պահին հնարավոր չլինի լուծել նաև ՀՀ-ի հարցը այնպես, որ դե ֆակտո կամ դե յուրե ՀՀ-ն դադարի գոյություն ունենալ որպես անկախ պետություն:
Առնվազն 1996-ից ի վեր Ղարաբաղի հարց այլևս գոյություն չի ունեցել, գոյություն է ունեցել ՀՀ-ի հարց, և 1998 թվականի, 1999 թվականի՝ հոկտեմբերի 27-ի մասնավորապես, 2020 թվականի, 2023 թվականի իրադարձությունները պետք է դիտարկել հենց այս համատեքստում»,- ասաց վարչապետը:
Հարցին՝ իսկ չէի՞նք կարող ավելի վաղ հասկանալ այս ամենը՝ առանց աղետների և ողբերգությունների միջով անցնելու: «Միայն մի պարագայում կարող էինք՝ մտածողության փոփոխության, իսկ դա ոչ թե դժվար, այլ անհնար էր, որովհետև դեռևս կոմունիստական ժամանակներում ձևավորված հայրենասիրական ծայրագավառային մոդելը մեզ թույլ չպիտի տար դա անել:
Հենց հիմա Հայաստանում դա է տեղի ունենում՝ մտածողության փոփոխությունը: Հայենասիրության ծայրագավառային կամ սովետական մոդելին փոխարինելու է գալիս հայրենասիրության պետական մոդելը, որը փորձեցի արտահայտել 2024-ի պետական բյուջեի քննարկումներում բարձրաձայնած մի քանի թեզով»,- ասաց վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ այդ թեզերն են՝ «Հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրո՛ւ պետությունդ», «Հայրենքը պետությունն է, սիրում ես հայրենիք՝ եղի՛ր օրինապահ», «Հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ՝ վճարի՛ր հարկերդ»: