Նոյեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից՝ ի շարունակություն օգոստոսին Բելգիայի ԱԳ նախարարի Երևան այցի շրջանակներում կայացած քննարկումների՝ Արարատ Միրզոյանը և Հաջա Լահբիբը հանգամանալից անդրադարձել են թե՛ երկկողմ հարաբերությունների և ՀՀ-ԵՄ գործընկերության ընդյալնմանն առնչվող հարցերին, ընթացիկ ծրագրերին, թե՛ տարածաշրջանային օրակարգին։
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, Երևանում Բելգիայի ռեզիդենտ դեսպանության բացման առնչությամբ և մտքեր փոխանակել առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, մարդկանց միջև շփումների և այլ ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի շուրջ:
Երկուստեք կարևորվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ դրական գնահատելով առկա արդյունքներն ու նախանշվող ծրագրերը:
Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող վերջին զարգացումները:
Անդրադառնալով Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատման ՀՀ տեսլականին՝ նախարար Միրզոյանը շեշտել է Գրանադայում հոկտեմբերին Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության սկզբունքներին միջազգային գործընկերների ամուր աջակցության կարևորությունը:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ մատնանշելով այս ծրագրի կողմից նախանշվող հնարավորությունները տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող երկրների համար: Ընդգծվել է ՀՀ շահագրգռվածությունը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում՝ ինքնիշխանության և իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքներով:
Արարատ Միրզոյանը բելգիացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազարից ավելի հայ բնակչությանը Հայաստանում պատշաճ ընդունելու ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները՝ կարևորելով միջազգային գործընկերների աջակցությունը հայ փախստականների կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ: Կարևորվել է ԼՂ-ում հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ միջազգային կառույցների ներգրավվածությունը: