Իմ գնահատմամբ՝ սա պատմական ժամանակների պատմական բյուջե է: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բյուջեի եկամտային մասը 2018-ի համեմատ ավելի քան կրկնապատկվում է՝ ավելանալով 1 տրիլիոն 334 միլիարդ դրամով կամ շուրջ 3 միլիարդ դոլարով: Ավելի քան կրկնապատկվում է բյուջեի ծախսային մասը»,- ասաց նա, ապա պարզաբանեց, թե ինչու է 2024-ի բյուջեն պատմական ժամանակների պատմական բյուջե համարում:
«Ինչո՞ւ են ժամանակները պատմական: Որովհետև մենք կանգնած ենք մեր պետության և պետականության ֆունկցիոնալ նշանակության վերագնահատման անհրաժեշտության առաջ: Եվ այդ ֆունկցիոնալ վերագնահատման արդյունքը, իմ կարծիքով, պետք է լինի հետևյալը. Հայաստանը ոչ թե պլացդարմ կամ ֆորպոստ է՝ իր սահմաններից դուրս մշակված և իր սահմաններից դուրս պլաններ իրագործելու համար, այլ սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունն ու երջանկությունը ապահովելու միջոց: Պետությունը պետք է առաջնորդվի բացառապես այս նպատակներն իրագործելու տրամաբանությամբ:
Այս համատեքստում պետք է արձանագրեմ, որ տնտեսական զարգացումն է Հայաստանի Հանրապետության պետական շահը, և բոլոր քաղաքականություններն ու հայեցակարգերը պետք է գնահատվեն ըստ այնմ, թե ինչքանով են համապատասխանում Հայաստանի զարգացման շահերին»,- ասաց նա: