Բյուջեն մեր բարեկեցիկ և անվտանգ ապագան կառուցելու մասին առաջիկա կարճաժամկետ հատվածում փաստաթուղթն է, որի իրագործմանը պետք է մասնակցենք բոլորս՝ յուրաքանչյուր քաղաքացի իր հերթին, իր տեղում: Մեր նպատակներին, իմ խորին ընկալմամբ, կարող ենք հասնել կրթված, առողջ և խելացի հասարակություն ունենալու շնորհիվ: Այս իմաստով ես ցանկանում եմ առանձնացնել հատկապես ուսուցիչներին, բժիշկներին և զինվորականներին: Կարծում եմ, որ Կառավարության կողմից, մեր հասարակության կողմից այս մարդիկ պետք է արժանանան առանձնահատուկ ուշադրության, պետք է ապահովված լինեն սոցիալական բոլոր հնարավոր երաշխիքներով և մեկ վայրկյան անգամ չմտածեն այլ զբաղվածության մասին, որպեսզի կրթեն, առողջացնեն և ուժեղացնեն մեր հասարակությունը, մեր պետությունը: Այս մասին Ազգային ժողովի հերթական նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Այս համատեքստում պատգամավորը բյուջեից առանձնացրեց կրթությանը, առողջապահությանը և պաշտպանությանը վերաբերող որոշ թվեր:
«Կրթության ոլորտի բյուջեն 2018 թվականի համեմատ 2024-ին կլինի 130 տոկոսով ավելի, ինչն արդեն իսկ բավական շատ բան է փոխանցում մեր քաղաքացիներին»,- ասաց Հովհաննիսյանը՝ կարևորագույն ծրագրերից առանձնացնելով 500 մանկապարտեզի և 300 դպրոցի կառուցմանը վերաբերող ծրագիրը:
«Առողջապահության ոլորտում բյուջեի միայն 86,6 միլիարդ դրամ ավելացումը ավելի է, քան 2018-ի ամբողջական բյուջեն»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով՝ այստեղ ևս մի շարք ձեռքբերումներ ունենք՝ կառուցում ենք հիվանդանոցներ, ամբուլատորիաներ, հարյուր հազարավոր քաղաքացիների տրամադրվում է անվճար բուժօգնություն, դեղորայք:
Ինչ վերաբերում է պաշտպանական բյուջեին՝ Հովհաննիսյանը նշեց՝ այն կավելանա 125 տոկոսով:
«Որքան էլ մեր ընդդիմությունը փորձի ստվերել պաշտպանական ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները, մեր քաղաքացիները տեսնում են, որ աննախադեպ փոփոխություններ են տեղի ունենում: Իմ ընկալմամբ՝ այդ փոփոխություններն անկասելի են այլևս»,- հավելեց ՔՊ խմբակցության քարտուղարը՝ չժխտելով, որ այստեղ ևս կան խնդիրներ, որոնք առնչվում են ատեստավորմանը:
«Ես, օրինակ, տարբեր դժգոհություններ եմ լսում, բայց այդ դժգոհությունների բովանդակությունը հետևյալն է՝ ինչու պետք է տարիներով ծառայած զինվորականներին նորից փորձաքննության ենթարկեն, երբ հասցնի ատեստավորմանը պատրաստվել: Նախ՝ մենք բոլորս հասկանում ենք, որ մեր սահմանները պետք է պաշտպանեն մեզանից ամենապատրաստվածները: Եվ այստեղ կրթության և առողջապահության ոլորտի ներդրումներն ուղղակի կապ ունեն պաշտպանության ոլորտի հետ, որովհետև մեր զինվորականները պետք է լինեն կիրթ, առողջ և ուժեղ, ու ատեստավորումը հենց դրա մասին է: Նրա մասին է, որ որևէ զինվորական պետք է այլ զբաղվածություն չունենա և այդ գիտելիքը ծառայեցնի բացառապես հայրենիքի պաշտպանությանը»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ այդ ամենը հնարավոր է իրականացնել բացառապես ժողովրդավարության շնորհիվ և խաղաղության պայմաններում: Այս համատեքստում Հովհաննիսյանը կարևորեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի իրագործմանը պետք է լծվեն բոլորը՝ թե՛ Կառավարության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչները:
«Այս մոլորակի վրա դեռևս միայն ընդդիմությունն է քննադատում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, սակայն ես կոչ եմ անում, որ նրանք ևս լծվեն ՀՀ-ի շուրջ և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մեր օրակարգի իրականացմանը»,- ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ հիմա վստահորեն կարող է ասել՝ առաջիկա տարվա բյուջեն խաղաղության օրակարգը սպասարկող բյուջե է:
«Որովհետև ենթակառուցվածքների զարգացումը, տնտեսական առաջընթացը, կրթական և քաղաքակրթական ծրագրերը ՀՀ-ն միջազգային հանրության ընկալելի և առաջադեմ անդամ դարձնելու մասին է, որը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը դառնալ մի պետություն, որը կարող է առաջարկել աշխարհին և ոչ միայն լսել առաջարկներ ու իրականացնել դրանք»,- խոսքը եզրափակեց Հովհաննիսյանը: