Ամենշաբաթյա ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է այն հարցին, թե արդյոք Ռուսաստանն ընդունո՞ւմ է, որ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից:
«Այս հարցում մենք կոնկրետ տեղեկություն չունենք, չենք ստացել։ Հիմք ենք ընդունում այն, որ ՀԱՊԿ անդամակցությունը Հայաստանին ապահովում է անվտանգության անհրաժեշտ մակարդակ, կան մի շարք օրինակներ: Բնականաբար, տվյալները չի կարելի շահարկել, ինչը, ցավոք սրտի, հաճախ ենք կարդում հայկական լրատվամիջոցներում, երբ համադրվում են բաներ, որոնք չպետք է համադրվեն: Դա վերաբերում է ՀԱՊԿ-ի արդյունավետության գնահատմանը և ԼՂ կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակին, որն ունի բոլորովին այլ իրավական բնույթ: Ցավոք սրտի, այդ թեմաները խառնվել են մանիպուլյացիայի համար: Ո՞ւմ է ձեռնտու այս ամենը: Կարծում եմ՝ ոչ Հայաստանին: Բայց ավելի լավ է՝ այդ հարցն այնտեղ ուղղել»,- ասել է Զախարովան: