Պաշտպանության նախարարության գծով ծախսերը կազմում են 555 մլրդ դրամ, ինչը 2023 թվականի համեմատ ավելի է 37,7 միլիարդ դրամով կամ 7,3 տոկոսով:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2024-ի պետական բյուջեի նախագիծը կազմում է 296,6 միլիարդ դրամ: Մասնավորապես՝ ճանապարհային ոլորտում ներքին աղբյուրների հաշվին նախատեսվում է իրականացնել շուրջ 100 կմ երկարությամբ միջպետական, 110 կմ հանրապետական և 130 կմ մարզային նշանակության ավտոմոբիլային նշանակության ճանապարհների և 8 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, 107,7 կմ միջին նորոգման աշխատանքներ և այլն: Այս մասին Ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեն ներկայացնելիս ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նախարարը տեղեկացրեց՝ ջրային ոլորտում կշարունակվեն նաև փոքր և միջին ջրամբարների կառուցման աշխատանքները, այդ թվում՝ 6 ջրամբարների համար ձեռք կբերվեն նախագծանախահաշվային փաստաթղթեր, 9-ի մասով կիրականացվեն տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ, կսկսվեն 3 ջրամբարների կառուցման աշխատանքներ, կմեկնարկեն 1 ջրամբարի վերականգնման և վերազինման աշխատանքները: Ինչ վերաբերում է համայնքներին, ապա սուբվենցիաները կկազմեն 22,5 մլրդ դրամ:
Էկոնոմիկայի նախարարության 2024-ի բյուջեի նախագիծը կազմում է 92 մլրդ դրամ, ինչը 2023-ի համեմատ 27,4 մլրդ դրամով կամ շուրջ 42 տոկոսով ավելի է:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմում է 745 միլիարդ դրամ կամ 2023-ի համեմատ՝ 91,5 միլիարդ դրամով կամ 14 տոկոսով ավելի:
Առողջապահության նախարարության 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմում է 168 միլիարդ դրամ, ինչը 2023-ի հաստատված բյուջեի նկատմամբ ավելի է 26 մլրդ դրամով կամ 18,4 տոկոսով:
ԿԳՄՍ նախարարության 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմում է 345 մլրդ դրամ՝ 2023 թվականի համեմատ ավելի լինելով 95 միլիարդ դրամով կամ 38 տոկոսով: