Խորհրդարանը քննարկում է ՀՀ 2024 թվականի բյուջեի մասին օրենքի նախագիծը:
«Չնայած մարտահրավերներին՝ հուրախություն բոլորիս՝ Հայաստանի տնտեսությունը դրսևորել է և շարունակում է դրսևորել բավականին բարձր դիմադրողականություն, այդ թվում՝ շնորհիվ Կառավարության և Կենտրոնական բանկի կողմից շարունակաբար իրականացվող արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականությունների և համարժեք գործողությունների»,- ներկայացնելով ՀՀ 2024 թվականի բյուջեի մասին օրենքի նախագիծը՝ ասաց հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նախարարի խոսքով՝ տնտեսական ակտիվության և աճի տեմպերը շարունակում են բարձր մնալ: Երկնիշ տնտեսական աճը պահպանվել է այս տարվա առաջին կիսամյակում, իսկ հունվար-սեպտեմբերի արդյունքներով ունենք 9,7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ:
«Այս պայմաններում 2023 թվականի տնտեսական աճը կանխատեսվում է Կառավարության թիրախավորած 7 տոկոսի շրջանակներում և ներկա միտումների պահպանման պայմաններում կարող է ավելին լինել: 2024-ին ևս թիրախավորում ենք ապահովել 7 տոկոս տնտեսական աճ և հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավում շուրջ 0,75 տոկոսային կետով, ինչի արդյունքում հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 566 մլրդ դրամ՝ ավելի լինելով 2023-ի ճշտված բյուջեի հարկային եկամուտներից 342 մլրդ դրամով կամ 15,4 տոկոսով»,- հայտնեց Հովհաննիսյանը:
Ըստ նախարարի՝ չնայած տնտեսական աճի, զգալի մասն ապահովել է ծառայությունների ճյուղը, բարձր աճ է գրանցվել նաև շինարարության ճյուղում: Միայն արդյունաբերության ոլորտում է գրանցվել անկում, որի աճի տեմպի վերականգնման ուղղությամբ Կառավարությունը ջանքեր գործադրել է և առաջիկայում ևս կլինեն հավելյալ միջոցառումներ: Հովհաննիսյանն ընդգծեց՝ տնտեսությունում տեղի են ունեցել որակական տեղաշարժեր՝ մեծացնելով ՀՀ տնտեսական ներուժը, մասնավորապես, արտահանման հնարավորություններն էապես մեծացել են, տպավորիչ են նաև զարգացումները ՏՏ ոլորտում:
«Կարևոր է արձանագրել, որ տնտեսական աճը ՀՀ Կառավարության հայտարարած քաղաքականությանը համահունչ՝ եղել է ներառական, քանի որ բարձր տնտեսական աճն ուղեկցվել է մի կողմից՝ զբաղվածության աճով, մյուս կողմից՝ միջին աշխատավարձերի՝ գնաճի տեմպերն էապես գերազանցող աճով: 2023-ի հունվար-սեպտեմբերին վարձու աշխատողների թիվը շարունակել է աճել՝ արձանագրելով 5,7 տոկոս աճ, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 16,6 տոկոսով՝ կազմելով 262.789 դրամ, իսկ իրական աշխատավարձը 2,8 տոկոս գնաճի պայմաններում աճել է 13,4 տոկոսով»,- տեղեկացրեց նախարարը՝ հույս հայտնելով, որ աշխատանքի շուկայի աճի դրական միտումները կպահպանվեն նաև հաջորդ տարի՝ նպաստելով հասարակության բարեկեցության բարձրացմանը:
«Այս բյուջեն շարունակությունն է նախորդ տարի իրականացվող քաղաքականությունների, սա 2021-2026 թթ. Կառավարության երրորդ բյուջեն է և ամբողջությամբ համահունչ է թե՛ Կառավարության ծրագրի առաջնահերթություններին, թե՛ հունիս ամսին հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագրին:
2024-ին ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 17 միլիարդ դրամ՝ գերազանցելով 2023-ի ճշտված բյուջեի ծախսերը շուրջ 415 մլրդ դրամով կամ 16 տոկոսով, որից կապիտալ ծախսերը կկազմեն 695 մլրդ դրամ՝ ավել լինելով 2023 թվականի կապիտալ ծախսերից 126 մլրդ դրամով կամ 22 տոկոսով:
Կա մի կարևորագույն հարց, որին պարտավոր եմ անդրադառնալ. դա տնտեսական զարգացման ներկայացված սցենարի բյուջեի եկամտային մասի և մեր ռազմավարական ծախսերի իրականացման իրատեսականությունն է»,- հայտնեց Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով՝ հարցը վերջին շաբաթներին քննարկվել է:
Ըստ նրա՝ որպեսզի կարողանանք պահպանել տնտեսական աճը, առաջին հերթին պետք է կարողանանք ապահովել հարկային վարչարարության և քաղաքականության ճեղքերի նվազեցումը, դրամի արժևորման և դրանից բխող արտահանելի հատվածի գնային մրցունակությանը հակազդում՝ թիրախային աջակցության գործիքներով, պետք է իրականացվեն արտահանման խթանմանն աջակցող միջոցառումներ, աշխատանքներ են տարվելու նաև ներդրումների ներգրավման ուղղությամբ, պետք է շարունակվեն պետական համակարգի արդյունավետության բարձրացման բարեփոխումները: