ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, Սան Ֆրանցիսկոյում՝ առաջին անգամ վերջին մեկ տարում, կանցկացնեն անձնական հանդիպում: Բանակցությունները կկայանան Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակում:
Չինական Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սա Չինաստանի առաջնորդի առաջին այցն է ԱՄՆ 2017 թվականից ի վեր, երբ նախագահ էր Դոնալդ Թրամփը։
Փորձագետները մեծ հույսեր են կապում երկու առաջնորդների հանդիպման հետ՝ համարելով, որ դա կօգնի կայունացնել չին-ամերիկյան հարաբերությունները և նոր խթան կհաղորդի համաշխարհային տնտեսության վերականգնմանը։
Նախագահ Ջո Բայդենն ակնկալում է, որ բանակցությունները լայնածավալ կլինեն և կընդգրկեն թեմաներ, ներառյալ՝ պատերազմները Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում, Թայվանն ու ընտրություններին միջամտությունը:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը հույս ունի վերսկսել շփումները երկու երկրի ռազմական գերատեսչությունների միջև, որոնք ընդհատվել էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան այցից հետո, գրում է Euronews-ը։
Բացի ԱՄՆ-ից ու Չինաստանից, APEC գագաթնաժողովին կմասնակցեն ևս 19 երկրի ներկայացուցիչներ։ Մասնակից պետությունների ընդհանուր մասնաբաժինը համաշխարհային տնտեսության մեջ կազմում է 60 տոկոս, նշում է AFP-ն։
Ըստ APEC-ում ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյա Մեթ Մյուրեյի՝ Ռուսաստանը գագաթնաժողովում կներկայացնի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը ներառված է Եվրամիության և Արևմուտքի որոշ երկրների պատժամիջոցների ցուցակում: Օվերչուկը, սակայն, ԱՄՆ պատժամիջոցների տակ չէ՝ ի տարբերություն Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության մեծ մասի։