Մենք ոչ թե հրաժարվել ենք, մենք որոշում ենք կայացրել կոնկրետ այդ միջոցառումներին ներկա չգտնվել տարբեր պատճառներով: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե ինչու է Հայաստանը որոշել չմասնակցել Մոսկվայում, Բիշքեկում կայացած ՀԱՊԿ նիստին, ԱՊՀ գագաթնաժողովին, ԱԽ քարտուղարների նիստին, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, ինչպես նաև Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե այս համատեքստում Հայաստանն ինչ համակարգով է պատրաստվում ապահովել ՀՀ անվտանգությունը, վարչապետ Փաշինյանը պատասխանեց. «Ցավոք, ՀԱՊԿ-ը՝ ի հեճուկս իր ունեցած դե յուրե պարտադիր պարտավորությունների, պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին, և դա կրկնվել է մի քանի անգամ: Եվ մենք՝ ամենայն հարգանքով մեր բոլոր գործընկերների նկատմամբ, ուղղակի արձանագրում ենք, որ ուղղակի մեր հանրության համար էլ հասկանալի չէ, թե ինչու ենք մենք ամեն անգամ գնում, նույն բաները կրկնում, նույն բաները ասում՝ չստանալով ոչ մի արձագանք, թողնում-հետ վերադառնում, հետո հաջորդ անգամ գնում, նույն բաները կրկնում, նույն կերպ հետ վերադառնում՝ չստանալով ոչ մի արձագանք:
Ամենամեծ ֆունդամենտալ պրոբլեմն այն է, որ դե յուրե ՀԱՊԿ-ը, ըստ էության, հրաժարվում է արձանագրել իր պատասխանատվության գոտին ՀՀ-ում, ինչը կարող է նշանակել, որ մենք այդ պայմաններում, ուղղակի լուռ մասնակցելով, կարող ենք միանալ այն տրամաբանությանը, որը որևէ կերպ կասկածի տակ դնի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Մենք մեզ նման բան թույլ տալ չենք կարող այն առումով, որ մենք նաև այսպիսի որոշումներ ենք կայացնում, որպեսզի նաև մեզ և ՀԱՊԿ-ին մտածելու ժամանակ տանք հետագա անելիքների մասին»,- ասաց վարչապետը:
Ինչ վերաբերում է ՀՀ-ի՝ ՀԱՊԿ առաքելությունից հրաժարվելուն, ապա, ըստ Փաշինյանի, Հայաստանը չի հրաժարվել, որ ՀԱՊԿ-ն առաքելություն ուղարկի. «Մենք ասել ենք՝ ո՞ւր եք ուղարկում առաքելությունը, որտե՞ղ: Ասվել է, որ ՀՀ, մենք ասել ենք՝ խնդրում ենք ցույց տվեք ձեր պատկերացրած ՀՀ-ն: Մեզ ցույց չի տրվել ՀՀ-ն, մենք ենք ցույց տվել ՀՀ-ն, ասել ենք, որ այս արձանագրումը պետք է արվի, ինչը ՀԱՊԿ-ը չի արել: Քանի դեռ չի արել, մենք չենք կարող նման առաքելություն ընդունել, որովհետև կստացվի, որ ահա ՀՀ-ի լղոզված պատկերացումը մենք լեգիտիմացնում ենք և այդ պայմաններում նաև Ադրբեջանի ներխուժումներն ենք լեգիտիմացնում»:
Փաշինյանը նաև ընդգծեց, որ Հայաստանն իր անվտանգային հարաբերությունները դիվերսիֆիկացնում է՝ հիշեցնելով, որ Հայաստանի գործընկերները չեն կարողանում ՀՀ-ին զենք-զինամթերք մատակարարել, և արդյունքում ՀՀ-ն փորձում է անվտանգային նոր գործընկերներ գտնել՝ ձեռք բերելով նաև նոր սպառազինություն:
«Մենք որևէ քաղաքականության փոփոխության մասին չենք պատրաստվում հայտարարել, քանի դեռ չենք հայտարարել կամ որոշել լքել ՀԱՊԿ-ը, որովհետև այդ դեպքում որոշակի դիսոնանս կառաջանա»,- ասաց նա: