Տարածաշրջանային հակամարտություններն ունենում են գլոբալ ազդեցություններ և պոտենցիալ մեծ վտանգ են պարունակում՝ վերածվելով մի մեծ արհավիրքի, որտեղ կարող ենք ունենալ գլոբալ ճգնաժամ՝ տնտեսական ավերիչ հետևանքներով: Սա դրսևորվում է ԼՂ-ից մեր հայրենակիցների բռնի տեղահանմամբ: Եկամուտների բարձր հավաքագրման և անհրաժեշտ պահուստների ձևավորման շնորհիվ հնարավոր եղավ ֆինանսավորել մեր հայրենակիցների կեցության ապահովման պատշաճ կազմակերպումը և առաջնային օժանդակության տրամադրումը: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված անձանց համար 2024 թվականի պետբյուջեով նախատեսվող աջակցության ծրագրերը:
Նախարարի խոսքով՝ 2024-ի բյուջեի նախագիծը Կառավարության կողմից հաստատվել է հենց այդ օրերին, և մեր հայրենակիցներին տրամադրվելիք աջակցության ծրագրերը բյուջեի այս տարբերակում ներառված չեն:
Հովհաննիսյանը մոտավոր գծերով ներկայացրեց այն հիմնական ավելացումները, որոնք տեղ են գտնելու բյուջեի երկրորդ ընթերցման ժամանակ:
«Երեք ամսվա համար կնախատեսվեն բնակարանի վարձակալության և կոմունալ ծառայությունների գծով տրամադրվող 50 հազար դրամների հատկացումները հունվար, փետրվար և մարտ ամիսներին։
Կնախատեսվեն թոշակների և նպաստների գծով հավելյալ ծախսերը, որը կպահանջի հավելյալ մոտ 30 միլիարդ դրամ։
Կնախատեսվեն կրթության և առողջապահության գծով հավելյալ ծախսերը։
Բնակարանային և աշխատանքի տեղավորման աջակցության ծրագրերն այս պահին չեն պլանավորվի բյուջեով, որովհետև դրանց մշակումը և հաստատումը կարող են տեղի ունենալ դեկտեմբերի վերջին, այնուամենայնիվ, զգալի գումարներ կնախատեսվեն պահուստային ֆոնդում, որպեսզի ծրագրերը պատրաստ լինելուն պես ֆինանսավորման խնդիրներ չունենանք»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը։