Ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանից հետաքրքրվեց «Խաղաղության խաչմերուկից», հատկապես, թե ինչպե՞ս է ապաշրջափակումն արտահայտված պետբյուջեում:
Վահե Հովհաննիսյանը նախ տեղեկացրեց, որ բավականին միջոցներ են նախատեսված բյուջեում ենթակառուցվածքների զարգացման համար: Բյուջեում արտացոլված են նաև այն ծրագրերը, այն կոնկրետ աշխատանքները, որոնք պլանավորված է իրականացնել 2024-ին:
«Ինչպես գիտեք, «Խաղաղության խաչմերուկը» իրականություն պետք է դառնա ոչ միայն մեր գործողությունների հետևանքով, այլև տարածաշրջանի երկրների մասնակցությամբ: Եվ երբ որ նման համաձայնություն ձեռք բերվի, և այս գաղափարն առաջ գնա իր հունով, համապատասխան փուլերում, ես նաև նշեցի, որ ունենք պահուստային ֆոնդ, որտեղ կապիտալ ծախսերի գծով չբաշխված գումարներ կան, մենք կունենանք բավարար միջոցներ այդ ծրագրի ենթակառուցվածքներն ապահովելու համար»,- ասաց Վահե Հովհաննիսյանը: