Պաշտպանության ոլորտի բյուջեին վերաբերող փակ նիստի ժամանակ խոսվել է նաև սպառազինության ծավալների մասին, որը միայն պաշտպանական բնույթի է: Այդ մասին Ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեի քննարկմանը տեղեկացրեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ քննարկման ժամանակ նշվել է, որ սպառազինությունը, բացի պաշտպանական լինելուց, պետք է նոր լինի:
«Այլևս երբեք ՀՀ-ն պաշտպանական բնույթի օգտագործված սպառազինություն ձեռք չի բերելու»,- փակ նիստի քննարկման եզրահանգումն ԱԺ նիստին բարձրաձայնեց Անդրանիկ Քոչարյանը:
Փակ նիստի ժամանակ խոսվել է նաև ամրաշինական աշխատանքների մասին, որոնք շատ տպավորիչ են եղել՝ ըստ Քոչարյանի գնահատման:
«Վերջին 26 տարվա մեջ, կարծում եմ, այն ծավալի ամրաշինական աշխատանքներ, որ տարբեր հատվածներում արվել են, արվել են այնպիսի ծավալով և այնպիսի որակով, որ եթե մենք ունենայինք, վստահաբար կարող էինք ասել, որ 44-օրյա պատերազմի բաժանարար գիծը լրիվ այլ տարածքով կանցներ»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ պատգամավորները ևս ծանոթացել են այդ աշխատանքներին:
Անդրադառնալով 2024-ին պաշտպանության ոլորտին ուղղված հատկացումներին՝ Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց. «Հաստատում եմ, որ 2024-ի բյուջեն անվտանգությանը միտված հատկացումներ են: Մնում է՝ այդ հատկացումները մենք բոլորս միասին այնպես իրացնենք, որպեսզի հաջորդ տարվա բյուջեն քննարկելու ժամանակ չասենք, որ այստեղ ունեցել ենք թերացում: Այն, ինչ վերաբերում է անվտանգությանը, թերացումների մասին խոսելը պետք է բացառել, իսկ թերացողները պետք է պատժվեն ամբողջ խստությամբ»: