2023 թվականի 10 ամիսների ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հետ կապված թվերն աճել են: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:
Ըստ նախարարի՝ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 3934 դեպք, որն ավելի է նախորդ տարվա դեպքերից 2303-ով կամ 142,2 տոկոսով: Գրանցված 3934 դեպքերից 2118-ը բացահայտված են:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ դրական արդյունքներ են գրանցվել համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում: Վերջին 10 ամիսների ընթացքում գրանցվել է 414 դեպք, որից 114-ը՝ իրացման դեպք:
«Մտահոգիչ է, որ ունենք նաև 4 անչափահաս, որոնք «զակլադչիկներ» են եղել, 17-ը կին են եղել, ընդհանուր 658 մեղադրյալի կարգավիճակով անձ ունենք»,- ասաց նախարարը և հավելեց, որ բացահայտված դեպքերի շրջանակում տարիքային շեմը եղել է 30-49 տարեկանը:
Վահե Ղազարյանը նաև որոշ մանրամասներ հայտնեց վերջերս Կոտայքի մարզում բացահայտված, թմրանյութ արտադրող լաբորատորիայի մասին: Աշխատանքների հիմնական կազմակերպիչը, ըստ նախարարի, ՌԴ քաղաքացի էր: Գործով այս պահին 5 հոգի կալանավորված կա: