Գիտաշխատողների աշխատավարձի փուլային բարձրացման ծրագրով արդեն իսկ 2024-ի համար հունվարի 1-ից կլինի աշխատավարձերի շուրջ 174 տոկոսով աճ: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ գիտության ոլորտում առհասարակ կարևոր աշխատանքներ են իրականացվում:
«Օրինակ՝ գլխավոր գիտաշխատողը 2021 թվականին ստացել է 138 հազար դրամ, 2024-ի հունվարից կստանա 500 հազար դրամ աշխատավարձ: Կարծում եմ՝ սա շատ էական բարեփոխում է, որը հասցնում ենք տրամաբանական այն կետին, որը պլանավորված էր»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:
Ինչ վերաբերում է Ակադեմիական քաղաքի կառուցման ընթացքին, ապա, ըստ նախարարի, Հայաստանում է այդ աշխատանքներով զբաղվող գերմանական կազմակերպությունը, և գլխավոր հատակագծի մասին ամբողջական պատկերացումներ կարելի է ունենալ մինչև հաջորդ տարվա առաջին եռամսյակի ավարտը: