1996-ի նոյեմբերի 10-ին Հայաստանում հիմնադրվել է տեղական ինքնակառավարման համակարգը և այս տարիների ընթացքում համակարգն իսկապես կայացել է: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է լինում համայնքների համաչափ զարգացում ապահովել:
«Հատկապես 2015 թվականից սկսած միավորման խոշորացման գործընթացը բերել է որակական ակնհայտ փոփոխություններ, իհարկե, անելիքներ դեռ շատ կան, բայց կարող եմ ասել, որ հիմա Կառավարության կողմից վարվող քաղաքականությունը շատ ընդգծված համագործակցության օրինակներ է առաջարկում համայնքներին. մենք բազմաթիվ ծրագրերով համագործակցում ենք, օգնում ենք, իսկ խոշոր մեծ պրոյեկտների պարագայում Կառավարությունը իր ուղիղ մասնակցությամբ և ուղիղ բյուջետավորմամբ համայնքային խնդիրները լուծում է»,- ասաց Սանոսյանը:
Նա նշեց, որ այսօր ԱԺ-ն ընդունել է դոտացիաների մասով օրենքի համապատասխան փոփոխություններ, որով փորձ է կատարվել տարածքային համաչափ զարգացմանն ուշադրություն դարձնել և այնպես անել, որ մեր երկրի բոլոր 71 համայնքները կարողանան համաչափ զարգանալ: «Իհարկե դոտացիան այդ ծրագրերից կամ հատկացումներից միայն մեկն է, բայց էական աճ է գրանցվել այս ոլորտում. եթե 18 թվականին 48.2 մլրդ դրամ էր հատկացվում համայնքներին պետբյուջեից որպես դոտացիա, ապա 2024 թվականին կհատկացվի 85 մլրդ 300 մլն, որը էական փոփոխություն է, և մեր համայնքային գործընկերները այդ հնարավորությունը կարող են օգտագործել մի շարք կարողությունների զարգացման կամ մի շարք կապիտալ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ»,- նշեց նախարարը:
«Մենք 3 տարով երկարացրինք սահմանամերձ բնակավայրերին աջակցության օրենքը՝ համապատասխան փոփոխություններով, առաջիկայում մեկ օրենքի փոփոխություն կիրականացնենք, համայնքներին թույլ կտանք իրենց ֆոնդային բյուջեն ոչ թե մինչև 20 տոկոս գումար տանել, այլ՝ մինչև 30 տոկոս: Այդ հնարավորությունը կբերի նրան, որ համայնքները հավելյալ կապիտալ ծրագրեր անելու հնարավորություն կունենա: Միայն այս վերջին օրերին արված և դոտացիաների և սահմանամերձերի և ֆոնդային բյուջեի փոփոխությունները էական փոփոխություններ են, որոնք ակնհայտ դրական ազդեցություն կունենան մեր համայնքների կյանքի վրա:
Դոտացիաների մասով ասեմ. մենք բավական փոփոխություններ ենք արել, որպեսզի խթանենք Երևանից, մարզկենտրոններից հեռավորության պարագայում համայնքների տրվող գումարի չափը և սահմանամերձ բնակավայրերի համար առաջին անգամ առանձին գումար ենք նախատեսել և կհատկացնենք»,- ասաց Գնել Սանոսյանը: